Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական ինքնաթիռների պետական ռեգիստրում գրանցված Falcon 10 ինքնաթիռը Աֆղանստանի օդային տարածքում անհետացել է ռադարների էկրաններից, հայտնում է «Ռոսավիացիան»։
Գերատեսչությունը նշում է, որ նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 6 մարդ՝ անձնակազմի չորս անդամ և երկու ուղևոր։
Հաղորդվում է, որ ինքնաթիռը կապից դուրս է եկել շաբաթ օրը՝ հունվարի 20-ի երեկոյան։
«Falcon 10-ն արտադրվել է ֆրանսիական Dassault Aviation ընկերության կողմից 1978 թվականին։ Ինքնաթիռը պատկանում է «Աթլետիկ գրուպ» ՍՊԸ-ին և մասնավոր անձի։
Ինքնաթիռը սանիտարական չարտերային թռիչք էր կատարում Գայա (Հնդկաստան) - Տաշքենդ (Ուզբեկստան) - Ժուկովսկի (Ռուսաստան) երթուղով», - նշվում է «Ռոսավիացիայի» հաղորդագրության մեջ։




























