Եվրամիության պաշտոնյաներն այս շաբաթ կդիտարկեն նոր պլան, որը թույլ կտա ապաշրջափակել Ուկրաինայի ռազմական օգնությունը, տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով հունվարի 19-ին ներկայացված պլանի նախագծին։ Առաջինն այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։
Նախաձեռնությունը ենթադրում է, որ կստեղծվի հատուկ ֆոնդ, որտեղ կուղարկվի 6,5 մլրդ եվրո Խաղաղության եվրոպական ֆոնդից, ինչպես նաեւ 2024-2027թթ. ամեն տարի կփոխանցվի 5-ական մլրդ եվրո։
Նոր ֆոնդի փողերը նախատեսվում է օգտագործել ԵՄ երկրների՝ Ուկրաինայի համար սպառազինությունների (անօդաչուներ, հակաօդային պաշտպանության հրթիռներ, զինամթերքներ) համատեղ գնումների ծախսերի փոխհատուցման համար։ Միջոցների մի մասը կուղղվի Եվրամիությունում ուկրաինացի զինվորների պատրաստմանը։
Եթե ԵՄ-ն հավանություն տա նոր պլանին, մասնակից երկրները կկարողանան իրենց բյուջեներ վերադարձնել ավելի քան 20 մլրդ եվրո Եվրամիության ֆոնդերից՝ «տասնյակ միլիարդավոր եվրոների» ռազմական օգնության փոխարեն, որը նրանք կցուցաբերեն Ուկրաինային հաջորդ չորս տարիներին, գրել է WSJ-ն։
Պլանի նախագիծը ենթադրում է, որ ԵՄ երկրները արդեն 2024թ. կկարողանան ստանալ փոխհատուցում 7,5 մլրդ եվրո ռազմական օգնության դիմաց։
«Հաշվի առնելով Ուկրաինայի կախվածությունը արտաքին աջակցությունից՝ ԵՄ երկրների եւ գործընկերների ընտրությունը կամ Ուկրաինային թույլ կտա առաջ գնալ, կամ կխափանի դիմադրության նրա ունակությունը»,- նշվել է պլանի նածագծում, որը մեջբերել է WSJ-ն։
Սպասվում է, որ ԵՄ ղեկավարները առաջարկը կքննարկեն փետրվարի 1-ին նախատեսված գագաթաժողովում։





























