Էստոնիայում սկսվել է հանրապետության կրթության աշխատողների արհմիության (ESL) անժամկետ գործադուլ, մոտ 10 հազար դպրոցական ուսուցիչներ փողոց դուրս կգան աշխատավարձը բարձրացնելու պահանջով, նրանց կմիանան  դաստիարակները։ Արհմիության հայտարարությունը հասանելի է պաշտոնական կայքում։

«Գործադուլը վկայում է այն մասին, որ կառավարությունը չի ցանկանում փոխզիջման գնալ եւ կատարել իր քաղաքական խոստումները։ Իրավիճակը կրթության ոլորտում խոր տագնապ է առաջացնում եւ մոտ ապագայում կընդգրկի ողջ երկիրը, (...) մանկապարտեզները եւ մասնագիտական ուսումնական հաստատությունները գործադուլին կմիանան չորեքշաբթի՝ հունվարի 24-ին»,- նշվել է հայտարարությունում։

ESL-ում նշել են, որ գործադուլին կմասնակցեն 330 դպրոցներ եւ 9 471 ուսուցիչներ, իսկ նրանց գլխավոր պահանջը հետեւյալն է. հանրակրթական դպրոցների ուսուցիչների նվազագույն աշխատավարձ սահմանել 1 950 եվրոն։