2010 թվականին հատուկ ուշադրություն պետք է դարձվի միջազգային հարթակում հայկական քարոզչության ակտիվացմանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ այդ նպատակի համար պետբյուջեում պետք է նախատեսվի հատուկ հոդված։
Ընդ որում՝ «քարոզչություն» խոսքի տակ նախարարը հիմնականում նկատի ուներ Հայաստանի քաղաքական գործիչների հարցազրույցները եւ հոդվածները արտասահմանյան լրատվամիջոցներում։ Քարոզչության գործում, նախարարի խոսքով, հատուկ նշանակություն ունեն հատկապես արտասահմանյան լրատվամիջոցներում տպագրված հրապարակումները, որոնք «ծանր են նստում» արտաքին գերատեսչության վրա։ Սակայն, ինչպես խոստովանել է նախարարը, միայն այս տարվա հոկտեմբերին նա 7 հարցազրույց է տվել առաջատար արտասահմանյան լրատվամիջոցներին։ Չնայած, որ 2009-ին, ինչպես նաեւ 2010 թվականին քարոզչական գործունեության համար հատուկ միջոցներ չի հատկացվել, ամեն դեպքում, ինչպես նկատել է նախարարը, հեղինակավոր International Politics-ը առանձնակի հաճույքով Հայաստանի լուսաբանմանը հատկացրել էր 100 էջ, իսկ «Պարի մատչ»-ը մի ամբողջական համար։ Ողջ 2009-ի ընթացքում Նալբանդյանը տվել է 40 հարցազրույցներ եւ մամուլի ասուլիսներ։
Քարոզչության խնդրի համատեքստում նախարարը թեթեւակի անդրադարձավ հայկական ԶԼՄ-ների քարոզչությանը՝ ասելով, որ. «Հայկական զանգվածային լրատվամիջոցները հաճախ չեն գրում այն, ինչ իրենց հաղորդվում է»։ Քարոզչության ոլորտում իբրեւ ձեռքբերումներ նախարարը նշեց այս տարվա ընթացքում 30 միջազգային քաղաքական կենտրոնում անցկացրած քննարկումները։
Սակայն նախարարի կողմից բերված փաստարկները այդքան էլ չհամոզեցին «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռուզան Մինասյանին, ով այնուամենայնիվ հայտնեց, որ հայկական քարոզչությունը կաղում է։ Ինչպես եւ սպասվում էր, Էդվարդ Նալբանդյանը չհամաձայնեց նրա կարծիքի հետ եւ խորհուրդ տվեց Մինասյանին ավելի հաճախ հետեւել ադրբեջանական լրատվամիջոցներին։ Նրա կարծիքով, ադրբեջանական քարոզչությունը պարտվում է հայկականին։
Ասվածի համատեքստում ավելորդ չէ նկատել, որ քարոզչական քաղաքականության մեջ իրական հաջողությունների հնարավոր չի լինի հասնել, եթե բարձրաստիճան պաշտոնյանները այդքան ցածրացնում են հայկական ԶԼՄ-ների դերը: Ինչպես կարելի է հասնել Հայաստանի մասնակցությամբ միջազգային իրադարձությունների օբյեկտիվ եւ բազմակողմանի լուսաբանմանը, եթե այդ իրադարձությունները ոչ մի հայկական ԶԼՄ-ը չի լուսաբանում, բայց ահա կայքէջերը եւ տպագիր պարբերականները ողողված են իրադարձությունների զարգացումներին հետեւող ադրբեջանական եւ թուրքական լրագրողների միակողմանի եւ զգացողություններով զարդարված հրապարակումներով: Չգիտես ինչու, քարոզչական գործունեության այդ կարեւորագույն ասպեկտի մասին ոչ մի հայ պաշտոնյա չի մտածում, սակայն գերագնահատվում է արտասահմանյան լրատվամիջոցներում առանձին հրապարակումների նշանակությունը:



























