ԵՄ արտաքին գործերի նախարարները հայտնել են, որ Պաղեստինի պետության ստեղծումը Մերձավոր Արեւելքում խաղաղության հասնելու միակ հուսալի միջոցն է, բայց նրանց չի հաջողվել համոզել Իսրայելին փոխել դիրքորոշումն այս հարցում, տեղեկացրել է AP-ն։
ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները անհանգստացած են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կտրականապես դեմ է անկախ պաղեստինյան պետության ստեղծման գաղափարին։
«Նեթանյահուի հայտարարություններն անհանգստություն են առաջացնում։ Անհրաժեշտ է ստեղծել պաղեստինյան պետություն՝ բոլորի համար անվտանգության երաշխիքներով»,- ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Սթեֆան Սեժուրնեն։
Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը հայտնել է Գազայի կրիտիկական վիճակի մասին եւ անհապաղ հրադադարի կոչ է արել։
Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ եվրոպացի նախարարները ցանկանում էին լսել ապագայի վերաբերյալ Իսրայելի պլանների մասին։
Բայց Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը, որը ներկա էր հանդիպմանը, ըստ երեւույթին, պատասխանել չէր ցանկանում։ Նա նախարարներին ցուցադրել է երկու տեսահոլովակ. մեկը Գազայի ափին արհեստական կղզու ստեղծման, մյուսը՝ երկաթուղու նախագծի մասին, որը միավորելու է Մերձավոր Արեւելքն ու Հնդկաստանը։
«Ես կարծում եմ, որ նախարարը կարող էր ավելի լավ օգտագործել իր ժամանակն ու կենտրոնանալ Գազայում տեղի ունեցող մահերի վրա»,- ասել է ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Պատասխանելով հարցին, թե հաջողվել է արդյոք նախարարներին համոզել Կացին երկու պետությունների առավելության հարցում, Բորելը պատասխանել է. «Մենք չկարողացանք ստիպել նրան փոխել իր կարծիքը, բայց մենք դա էլ սպասում էինք»։
Իսրայելցի նախարարը հրաժարվել է պատասխանել Պաղեստինի պետության հնարավորության մասին հարցին։ Իսրայելցի պատանդների լուսանկարները ձեռքում պահելով՝ նա ասել է, որ եկել է, որպեսզի հավաստիանա ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու Իսրայելի գործունեությանն աջակցելու հարցում։
«Մենք պետք է վերադարձնենք մեր անվտանգությունը։ Մեր քաջ զինվորները կռվում են շատ ծանր պայմաններում»,- ասել է նա լրագրողներն։





























