Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը միանշանակ պայմանավորված է գալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրություններով: Եւ իշխանությունը ի դեմս Սերժ Սարգսյանի փորձում է առավել նպաստավոր ու վստահելի թիմ  ձեւավորել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

«Չասեմ` համապատասխանում էր իրականությանը պաշտոնապես հայտարարված պատճառաբանությունը, թե ոչ, բայց միանշանակ է, որ հրաժարականը պայմանավորված է ընտրություններով»,- նշեց նա:

Պատգամավորը նկատեց, որ 2008թ. նախագահական ընտրություններում Հովիկ Աբրահամյանը եղել է փոխվարչապետ եւ շտաբի պետ, եւ այդ առումով խնդիրներ չեն ծագել, ուստի «որպես ԱԺ նախագահ հանգիստ կարող էր լինել շտաբի պետ»: «Առավել եւս որ նախընտրական շտաբի մասին դեռ վաղ է խոսել: Կազմակերպչական մնացած հարցերի մասով ասեմ, եթե վարչապետը կարողանում է իրականացնել, խորհրդարանի նախագահն էլ կարող էր իրականացնել: Պաշտոնանկության մասով էլ ասեմ, թե այն կարծիքին եմ, որ խնդիր իսկապես եղել է»,- նկատեց պատգամավորը:

Հարցին, թե հանրապետական խմբակցությունից ո՞վ կարող է համարվել առավել հարմար թեկնածուն ԱԺ նախագահի պաշտոնում, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Կարծում եմ Սամվել Նիկոյանը այս ժամանակահատվածում որպես փոխնախագահը նորմալ աշխատանքային գործընթացի մեջ է եղել եւ կարող է կես տարվա համար աշխատանքային պրոցեսը տանել»: