Օրյոլի քաղաքապետ Յուրի Պարախինը տեղեկացրել է, որ հունվարի 24-ի առավոտյան քաղաքը ենթարկվել է անօդաչուների գրոհին, վնասվել են մի քանի տներ, բայց բնակիչները չեն տուժել։
ՌԴ ՊՆ-ն, իր հերթին, հայտնել է ՀՕՊ հերթապահ միջոցների կողմից չորս անօդաչուի խփվելու մասին Օրյոլի մարզի տարածքում։ Դրոնների գրոհի պատասխանատվությունը ՊՆ-ն դրել է Ուկրաինայի իշխանությունների վրա։
ՌԴ Ուկրաինային սահմանակից շրջանների իշխանությունները կանոնավորապես տեղեկացնում են դրոնների գրոհների եւ գնդակոծությունների մասին։ Խփված կամ պայթած անօդաչուների մասին տեղեկություններ ստացվում են նաեւ ռուսաստանյան բնակավայրերից, որոնք սահմանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու են։ Օրինակ, դրոնները մի քանի անգամ գրոհել են Մոսկվա-սիթիի գործարար շրջանը, իսկ հունվարի 21-ին անօդաչուների գրոհի հետեւանքով այրվել է «Նովատեկ» ընկերությանը պատկանող տերմինալը Լենինգրադի մարզի Ուստ-Լուգում։





























