Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակային հշեցում է ուղղել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որտեղ անդրադառնում է երկրում արդարության պակասին:

Հրապարակային հիշեցման մեջ նշվում է.

«Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն արդարության պակասն է: Մեր մարդիկ դժգոհում են իրենց աղքատությունից, քննադատում են նախկինում անցկացված ընտրությունները, մտահոգվում Լեռնային Ղարաբաղի անկախությամբ եւ նորից ու նորից վերադառնում արդարության խնդրին: Մեր երկրում արդարությունն առաջին հերթին դատավորի գործն է: Ըստ օրենքի եւ ողջամիտ տրամաբանության մարդիկ արդարություն պետք է փնտրեն դատարաններում, այլ ոչ` Կառավարության շենքի դիմաց:

Արդար դատավորի պարագայում մարդուց ապօրինի չէին խլի մի դեպքում տունը, մյուս դեպքում երեխային, իսկ հաճախ էլ` արժանապատվությունը կամ ազատ խոսքը: Արդար դատավորի պարագայում տնտեսվարողի իրավունքը չէին կարողանա խախտել հարկային կամ մաքսային մարմնի չինովնիկները, մինչդեռ հենց դա է նպաստում անարդար մրցակցությանն ու տնտեսության թերզարգացմանը: Արդար դատավորը մարդուն կպաշտպաներ քաղաքապետերի ու գյուղապետերի, կադաստրի չափագրողների, հարկադիր կատարողների, նոտարների, բանտապետերի, ոստիկանների, դատախազների եւ հենց նույն դատավորների կոռուպցիոն կամ այլ տեսակի ոտնձգություններից ու ապօրինություններից: Արդար դատավորի պարագայում ՀՀ կառավարության որեւէ որոշում չէր վնասի մեր շրջակա միջավայրին:

Որպեսզի դատավորը լինի արդար, անհրաժեշտ է, որ մեր երկրում գործի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու , այսինքն՝ պատժելու արդար համակարգ: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունի բացառապես ՀՀ արդարադատության խորհուրդը: Հետեւաբար, արդարությունը մեր երկրում էապես կախված է Արդարադատության խորհրդի կազմում ընդգրկված 13 մարդկանցից (9 դատավորներ եւ 4 իրավաբան-գիտնականներ): Որպեսզի Արդարադատության խորհուրդը պատժի անօրեն դատավորին, պետք է նախեւառաջ դիմել կամ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին, կամ Ձեզ: Այս երկու մարմինների կողմից վարույթ սկսելու որոշումից հետո դատավորի հարցը կքննարկվի նշված 13 մարդկանց կողմից:

Այս համակարգը եւ դրանում եղած խնդիրները հասարակությանը ցայտուն ներկայացնելու համար ես ընտրեցի երեք դատավորի դեմ բերված բողոքները եւ  դիմեցի Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին: Դիմելուց հետո հրապարակեցի դատավորների անունները եւ, ըստ ինձ, նրանց կողմից թույլ տրված անօրինությունները: Արդարադատության խորհրդի մասը կազմող կարգապահական հանձնաժողովը հրաժարվեց վարույթ հարուցել, եւ ես այդ նույն երեք գործերը 49 օր առաջ ուղարկեցի Ձեզ:

Վստահ եմ, որ եթե կարգապահական վարույթ հարուցող մարմինները, այդ թվում եւ Դուք, արդար լինեն, որից հետո արդար լինեն այն 13 մարդկանցից մեծամասնություն կազմող գոնե յոթը, ապա դատավորների պատժման այսչափ կարեւոր համակարգը կդառնա արդար: Այդ պարագայում իր բոլոր որոշումներում արդար կգործի դատավորը՝ վախենալով միայն օրինական եւ արդար պատժից: Այդ դեպքում արդար կգործի պետության ամեն պաշտոնյա՝ վախենալով արդար դատավորից: Իսկ մինչ արդարության այս շղթան  լիարժեք կգործի, առայժմ վախենում է մարդը, ով որեւէ առնչություն պիտի ունենա դատավորի հետ:

Արդարության ակնկալիքով սպասում եմ այն նույն երեք դատավորների գործերով Ձեր որոշմանը:

P.S. Վստահաբար այս ամենին Դուք շատ լավ տեղյակ եք, բայց մեկ անգամ եւս միասին վերհիշելը օգտակար կլինի բոլորիս»: