Իրանը պատերազմի մեջ չի մտնելու, Հայաստանի համար չի կռվելու, կարող է քաղաքական հայտարարություններ անել, բայց ռազմական գործողությունների չի դիմի: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը։

Նա բացատրեց, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները կարող են վատթարանալ և բարելավվել, սակայն Իրանը հասկանում է, որ տասնյակ միլիոնավոր ադրբեջանցիներ ապրում են իր հյուսիսային նահանգներում։

Ցինկերը սա անվանել է պոտենցիալ սպառնալիք Իրանի համար, ուստի Թեհրանը, նրա կարծիքով, դժվար թե ուղիղ հակամարտության մեջ մտնի Բաքվի հետ։

«Սա պետք չէ նաև Ադրբեջանին, չնայած այն հանգամանքին, որ նրան կարող է մղել Թուրքիան Իրանի հետ մեծ Մերձավոր Արևելքում առաջնորդության համար մղվող պայքարի ֆոնին»,- նշեց փորձագետը։

Նա նախադրյալներ չի տեսնում, որ տեսանելի ապագայում Իրանի և Ադրբեջանի միջև ուղղակի ռազմական բախումներ կլինեն։

Ըստ նրա՝ գոնե մոտ ապագայում դա անհնար է։ Քաղաքագետը նաև նշեց, որ Իրանն ինքը գրեթե երբեք չի մասնակցում որևէ հակամարտությունների, դրա համար ունի պրոքսի ուժեր՝ ի դեմս ՀԱՄԱՍ-ի, Հեզբոլլահի և հութիների։

Ցինկերը հավելել է, որ Հայաստանը շատ քիչ դաշնակիցներ ունի՝ սեփական ժողովուրդն ու բանակը։

Նա Երեւանին խորհուրդ տվեց այլ տարբերակներ դիտարկել։ «Գուցե դա կլինի Ֆրանսիան կամ Եվրամիությունը՝ հաշվի առնելով դիտորդների առկայությունը հայ-ադրբեջանական սահմանին, ինչը որոշ չափով զսպող գործոն է»,- եզրափակեց փորձագետը։