Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մերձեցումը ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ այդ երկու պետությունները բնական հակառակորդներ են տարածաշրջանում։ NEWS.am-ի թղթակցին այսպիսի կարծիք հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ Թուրքիան, Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելով՝ հույս է փայփայում, որ հետագայում կչեզոքացնի Ռուսաստանի ազդեցությունը ողջ տարածաշրջանում։ Ըստ նրա՝ Թուրքիան այժմ էլ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ, ինչը նաեւ որոշ չափով սկսել է անհանգստացնել որոշ արեւմտյան երկրների։

Ռ. Կիրակոսյանի խոսքով, քիչ հավանական է նաեւ այն, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ կարողանա հաստատել։ «Ադրբեջանը չի վստահում Ռուսաստանին. Ալիեւը մինչեւ այժմ Միացյալ Նահանգների աջակցությունն է ակնկալում»,- նշեց նա՝ նկատելով, որ քիչ հավանական է, որ Ռուսաստանը հարաբերությունների սերտացման համար ադրբեջանամետ դիրքորոշում կընդունի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում։