Քարտային տուրերը կորցրել են իրենց արդիականությունը, ռուս զբոսաշրջիկները գերադասում են կանխիկ գումարով արտերկիր մեկնել։ Այս կարծիքն է հայտնել Արտագնա զբոսաշրջության ռուսաստանյան տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Արթուր Մուրադյանը՝ պատասխանելով Российская газета -ի հարցին։

Փորձագետի խոսքով, մի կողմից՝ ցանկացողներն արդեն հնարավորություն ունեն արտասահմանյան բանկերից քարտեր ստանալ, մյուս կողմից՝ դրանք տրամադրելու պայմաններն անընդհատ փոխվում են, և տուրօպերատորները փորձում են իրենց վրա չվերցնել նման պատասխանատվություն, եթե դա անհրաժեշտ չէ։

Բացի այդ, ռուսական բանկերն էլ, իրենց հերթին, սովորել են զբոսաշրջիկներին արտասահմանյան քարտերի ձևակերպում առաջարկել. դրանք ձեռք բերելու համար ոչ մի ուղևորություն չի պահանջվում:

Զբոսաշրջիկները ճանապարհորդում են կանխիկ գումարով, նշել է Մուրադյանը։

Պահանջարկի նվազում է նշում նաև Русский Экспресс տուրօպերատորը, փոխանցում է РИА Новости-ն։ Որոշ հաճախորդներ արդեն քարտեր են ձեռք բերել արտասահմանյան բանկերից։ Բացի այդ, դրանց գրանցումը մի շարք երկրներում, օրինակ՝ Հայաստանում և Ղազախստանում, անհնար է դարձել վարկային կազմակերպությունների դեմ միջազգային պատժամիջոցների սպառնալիքի պատճառով։

Այդուհանդերձ, արտասահմանյան բանկից քարտ ունենալու ցանկացողները բավական են։ «Մենք ունենք առաջարկներ նրանց համար, ովքեր ցանկանում են այդ նպատակով մեկնել Ուզբեկստան՝ Տաշքենդ, Սամարղանդ, ինչպես նաև Ղրղզստան և Սերբիա», - ասաց տուրօպերատորի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Աննա Ֆիլատովսկայան: