Ռուսաստանը բազմաթիվ մարտահրավերների է բախվում, քանի որ Ուկրաինայում նրա պատերազմը մոտենում է երկու տարվա շեմին, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը:

Նրա խոսքով՝ «Ռուսաստանը զինամթերքի և ռազմական տեխնիկայի պակաս է զգում, մատակարարման շղթայի հետ կապված զգալի խնդիրներ, անձնակազմի հետ կապված զգալի խնդիրներ»:

«Այդ պատճառով մենք տեսնում ենք, որ նրանք [Ռուսաստանը] դիմում են այնպիսի երկրների, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան և Իրանը, որպեսզի ստանան ռազմական հնարավորություններ և զինամթերք», - ասել է Պենտագոնի խոսնակը: «Եվ կրկին, սա պարզապես ցույց է տալիս այն խնդիրը, որ նրանք ունեն սեփական զենքի պաշարները համալրելու առումով»:

Պենտագոնը կարծում է, որ ՆԱՏՕ-ի համագործակցությունն ու համախմբվածությունը զգալիորեն աճել են՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։