Ավելի քան 8000 ուկրաինացիներ՝ քաղաքացիական և զինվորականներ, գտնվում են ռուսական գերության մեջ, ասել է Ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի համակարգող շտաբի խոսնակ Յուրի Տարանյուկը, հայտնում է Интерфакс-Украина-ն։

«Մինչ այժմ իրականացվել է 49 փոխանակում, 2828 մարդ վերադարձվել է հայրենիք։ Ներկայումս գերության մեջ է ավելի քան 8 հազար մարդ, որոնցից ավելի քան 1600-ը խաղաղ բնակիչներ են։ Տասնյակ հազարավոր մարդիկ՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմագերիներ, անհայտ կորել են գործողությունների ժամանակ»,- ասել է Տարանյուկը։

Նրա խոսքով՝ գերության մեջ գտնվող ավելի քան 8 հազար մարդկանցից (տեղեկատվությունը հաստատում է Ուկրաինան) միայն կեսից ավելին  հաստատել է Ռուսաստանի Դաշնությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով։ Այլ բանտարկյալների մասին տեղեկություններ են ձեռք բերվել այլ եղանակներով, մասնավորապես, ազատ արձակվածներից։