Ամերիկացի գիտնականը քիչ էր մնում միջազգային սկանդալ առաջացնի՝ Բրիտանիային խորհուրդներ տալով իր սիրելի տաք ըմպելիքի՝ թեյի վերաբերյալ, գրում է AP-ն։
Բրին Մաուր քոլեջի քիմիայի պրոֆեսոր Միշել Ֆրանկլն ասում է, որ թեյի կատարյալ գավաթի բանալին մի պտղունց աղն է: Այս խորհուրդը պարունակվում է Ֆրանկլի «Թրմված. թեյի քիմիան» գրքում, որը հրատարակվել է Քիմիայի թագավորական ընկերության կողմից:
Թեյի մեջ մի պտղունց աղի առաջարկը զայրույթի ալիք է առաջացրել բրիտանացի առցանց օգտատերերի մոտ, որոնց մեջ տարածված կարծրատիպ կա, որ ամերիկացիներն անկիրթ մարդիկ են և թեյ պատրաստում միկրոալիքային վառարանում.
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատունը միջամտել է հասունացող փոթորկին՝ տեղադրելով հաղորդագրություն սոցիալական ցանցերում՝ վստահեցնելով «Մեծ Բրիտանիայի բարի ժողովրդին, որ Մեծ Բրիտանիայի ազգային ըմպելիքին աղ ավելացնելու աներևակայելի գաղափարը Միացյալ Նահանգների պաշտոնական քաղաքականությունը չէ»:
«Եկեք միավորվենք մեր խորը համերաշխության մեջ և ցույց տանք աշխարհին, որ թեյի հարցում մենք միասնական ենք», - ասվում է դեսպանատան գրառման մեջ: «ԱՄՆ դեսպանատունը կշարունակի թեյը պատշաճ կերպով եփել՝ այն տաքացնելով միկրոալիքային վառարանում»:
Դեսպանատունն ավելի ուշ պարզաբանել է, որ իր հայտարարությունը «թեթև խաղ է մեր ընդհանուր մշակութային կապերի վրա», և ոչ պաշտոնական մամուլի հաղորդագրություն:
Միևնույն ժամանակ, ամերիկացի գիտնական Ֆրանկլի գիրքը, որը երեք տարվա հետազոտությունների և փորձերի արդյունք է, ուսումնասիրում է թեյի մեջ պարունակվող ավելի քան 100 քիմիական միացություններ։
Ըստ Ֆրանկլի՝ մի քիչ աղ ավելացնելով թեյը դառնում է ավելի քիչ դառը, քանի որ «աղի մեջ պարունակվող նատրիումի իոններն արգելափակում են բերանի դառը ընկալիչները»:





























