Այս տարվա 10 ամիսների ընթացքում, համայնքների բյուջեների եկամուտների մասով կատարողականը կազմել է 82,7 տոկոս, սեփական եկամուտների կատարողականը` 82,2 տոկոս, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 2,4 տոկոս: Այս մասին նշվել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր` նոյեմբերի 2-ին, մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Գեւորգյանը մարզպետներին կոչ է արել համայնքների հետ ամենօրյա աշխատանքներ իրականացնել` մինչեւ տարեվերջ նախատեսված ցուցանիշներն ապահովելու ուղղությամբ:
Անդրադարձ է եղել 2012թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացին: Մարզպետները տեղեկացրել են, որ հիմք ընդունելով «2012 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված դոտացիաների ծավալը, համայնքներում ընթացքի մեջ են բյուջեների կազմման աշխատանքները:
Խորհրդակցության ընթացքում տեղեկություններ են ներկայացվել մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին ծրագրի արդյունքների վերաբերյալ: Նշվել է, որ կատարողականը կազմում է 92,7 տոկոս: Որոշ ծրագրեր շարունակվում են Գեղարքունիքի մարզում, որոնք ավարտին կհասցվեն մինչեւ նոյեմբերի կեսերը: Զեկուցվել է, որ բոլոր մարզերում մեկնարկել է երկրորդ ծրագիրը, գրեթե ավարտված են նախագծային աշխատանքները, եւ առաջիկայում կմեկնարկի պայմանագրերի կնքման գործընթացը` շինարարական աշխատանքների իրականացման նպատակով:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ծրագրի համար այս տարի կառավարության պահուստային ֆոնդից մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հատկացվել է 10-ական մլրդ դրամ:
Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց հետեւել ծրագրի ընթացքին:
Խորհրդակցությանը տեղեկություններ են ներկայացվել նաեւ մարզերում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի, բերքահավաքի արդյունքների մասին:
Անդրադարձ է եղել նաեւ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ-ի» կողմից համայնքների գազիֆիկացման հետ կապված հարցերին: Փոխվարչապետը հանձնարարել է համապատասխան գրասենյակի հետ քննարկել եւ կարգավորել համայնքների համաֆինանսավորման հետ կապված հարցերը` ծրագիրն ամբողջությամբ եւ ժամանակին իրականացնելու համար:




























