Ոստիկանության ծառայողները, նոյեմբերի 2-ի ուշ երեկոյան, «Նոր Խարբերդ» Ա/Ը 11-րդ փողոցի տներից մեկից, թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով, բերման են ենթարկել  տանտիրոջը եւ եւս 3 անձանց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տան  զննությամբ` սեղանի վրայից եւ խորդանոցի սառնարանի վրայից հայտնաբերվել  է պլաստմասե 2 տարա` լցված բենզինանման հեղուկով, պլաստմասե 2 տարա` չորացած «սսոլպադեին» դեղամիջոցի նմանվող նյութի մնացորդներով, 20 գ տարողությամբ օգտագործված 3 ներարկիչ,  ապակյա բռնակով 2 տարա` մեկը  յոդանման նյութի նմանվող բամբակյա խծուծներով, «սսոլպադեին» դեղամիջոցի տուփի մնացորդ` վրան յոդանման չորացած նյութով, եւ 5 մլ տարողությամբ 2  ներարկիչ` յուրաքանչյուրում 2 մլ չափի թմրամիջոցի նմանվող թափանցիկ հեղուկով:

Ըստ տանտիրոջ բացատրության`  նշված նյութերով պատրաստել եւ ներարկման եղանակով օգտագործել է թմրամիջոց:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: