Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, նոյեմբերի 2-ի երեկոյան, թմրանյութ պահելու կասկածանքով, Ֆուչիկի փողոցի 23 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել բնակարանատիրոջը եւ եւս 2 տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բնակարանում խոհանոցի սեղանի վրա հայտնաբերվել է տարբեր տարողությունների ներարկիչներ` տարբեր հեղուկներով, ապակյա սրվակներ, խոհանոցային շերեփ` եզրերը պատված շագանակագույն զանգվածով, մետաղյա բռնակով կաթսա` ներսի հատվածում պատված շագանակագույն զանգվածով, պլաստմասե թափանցիկ շիշ` սպիտակ գույնի հեղուկ նստվածքով, եւ շագանակագույն յուրահատուկ հոտով բամբակի խծուծ:
Ըստ բնակարանատիրոջ բացատրության` հայտնաբերվածը պատկանում է իրեն, պատրաստել է որպես թմրանյութ` իր եւ բերման ենթարկված իր ընկերների հետ ներարկման միջոցով օգտագործելու համար:
Բերմանեն ենթարկվածներից մեկի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է «կաֆետին» տեսակի 15 դեղահաբ, 0.3 մլ տարողությամբ 4 ներարկիչ, սրվակով 25 մլ տարողությամբ յոդ, 0.5 լ տարողությամբ պլաստմասե շիշ` լցված դեղին գույնի բենզինի հոտով հեղուկով, 10 տուփ լուցկի եւ ապակյա 1 սրվակ, որի մեջ առկա է շագանակագույն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:


























