Պրիշտինան հայտարարել է, որ շրջանառության մեջ է մտցնում եվրոն, որը Կոսովոյի պաշտոնական դրամական միավորն է 2002-ից, եւ չեղարկում է  սերբական դինարի օգտագործումը հյուսիսում, որտեղ մեծամասնությունը կազմում են էթնիկ սերբերը։ Այս մասին տեղեկացրել է AP-ն։

Կոսովոյի Կենտրոնական բանկի նախագահ Ահմեթ Իսմայիլին հայտնել է, որ փետրվարի 1-ից Կոսովոյի հյուսիսային շրջաններում կկիրառվեն նոր կանոններ տեղական տրանզակիցաներում եվրոյի կիրառման մասին, եւ բոլոր ֆինանսական հաստատությունները պետք է գրանցվեն հաջորդ ամսվա ընթացքում։

Նրա խոսքով՝ նոր կանոնները ուղղված չեն սերբական դինարի դեմ, որն օգտագործում է չորս բանկ Կոսովոյի 15 ֆինանսական հաստատություններում։

Այս որոշումը անհանգստություն է առաջացրել արեւմտյան պետություններում, որոնք մտահոգվում են լարվածության ուժեղացմամբ Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հարաբերություններում։  Նրանք կոչ են արել Պրիշտինային հետաձգել այդ քայլը։