Meta-ն նախազգուշացրել է ներդրողներին, որ Մարկ Ցուկերբերգի կիրքը մարտարվեստների նկատմամբ լուրջ վնասվածքների կամ մահվան վտանգի հետ է կապված, գրում է The Telegraph-ը։
Սոցիալական ցանցերի հսկան հայտարարել է, որ իր հիմնադրի սերը մրցակցության նկատմամբ, որի պատճառով անցած տարի վիրահատության է ենթարկվել, կարող է ազդել ընկերության վրա, եթե նա աշխատելու հնարավորությւոն չունենա:
«Պարոն Ցուկերբերգը և մեր ղեկավար թիմի որոշ այլ անդամներ մասնակցում են մի շարք բարձր ռիսկային գործողությունների, ինչպիսիք են մարտարվեստները, էքստրեմալ սպորտը և սիրողական ավիացիան, որոնք լուրջ վնասվածքներ և մահվան վտանգ են պարունակում:
Եթե պարոն Ցուկերբերգը որևէ պատճառով անհասանելի դառնա, դա կարող է էականորեն բացասական ազդեցություն ունենալ մեր գործունեության վրա», - ասվում է ընկերության անսովոր հայտարարության մեջ:
Meta-ի ղեկավարը գնալով ավելի է տարվում խառը մարտարվեստներով՝ իր այգում մարտասպարեզ կառուցելով և նախկին պրոֆեսիոնալների հետ մարզվելով, ընդգծում է բրիտանական պարբերականը։
Անցյալ տարի նա քննարկել էր Իլոն Մասկի հետ «վանդակում մենամարտ» կազմակերպելու հարցը, թեև մենամարտի բանակցություններն ապարդյուն են անցել։





























