ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում, այսօր` նոյեմբերի 3-ին, տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Բյուրոյի անդամներ Հրանտ Մարգարյանի, Վահան Հովհաննիսյանի, Լեւոն Մկրտչյանի եւ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի միջեւ:

ՀՅԴ հանրայն կապերի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տնտեսությանը եւ տարածաշրջանային քաղաքական զարգացումներին վերաբերվող հիմնահարցեր: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները ներկայացրել են կուսակցության դիրքորոշումները եւ քաղաքական իրադարձությունների իրենց գնահատականները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում եւս շարունակել հանդիպումներն, ինչպես ընդհանուր, այնպես էլ կոնկրետ հարցերի քննարկման համար:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել դեսպանին ՀՅԴ կենտրոն այցելելու համար եւ կուսակցության անունից հաջողություն մաղթել նրան իր պատասխանատու առաքելությունում: