Կառավարությունում, այսօր` նոյեմբերի 3-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Հայաստանի կառավարության եւ միջազգային դոնոր կազմակերպությունների միջեւ ստորագրվել է մտադրությունների մասին նամակ` կարգավորիչ գիլյոտինի միջոցով Հայաստանի տնտեսական կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի կառավարության կողմից` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից` գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջաթինդեր Չիման, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից` գրասենյակի գործող տնօրեն Կարել Հոֆստրանը, Համաշխարհային բանկի կողմից` ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան:

Միջազգային դոնոր կազմակերպությունների շարքում է նաեւ Ավստրիայի զարգացման գործակալությունը, որի տարածաշրջանային համակարգողը ներկա չէր ստորագրման արարողությանը, սակայն գործակալության գործադիր տնօրեն Բրիգիտե Օփփինգեր-Վալխսհոֆերը նամակ էր հղել փաստաթղթի ստորագրման կապակցությամբ: Նամակում, մասնավորապես նշված էր. «Մեր համագործակցության համար այս ծրագիրը կարեւոր քայլ կլինի բարեփոխումների գործընթացում, որը նշանակալիորեն կբարելավի կարգավորիչ ոլորտը եւ, մասնավորապես, գործարար միջավայրը Հայաստանում: Վստահ ենք, որ դոնոր կոնսորցիումի հետ համագործակցությունը կաջակցի բարեփոխումների գործընթացի արդյունավետությանը»:

Մտադրությունների մասին նամակով միջազգային դոնոր կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնում աջակցել Հայաստանում «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրմանը, ինչը հնարավորություն կտա թարմացնել Հայաստանի կանոնակարգիչ քաղաքականությունը եւ էականորեն բարելավել գործարար միջավայրը` նպաստելով բյուրոկրատիայի կրճատմանը եւ կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Նշենք, որ ՀՀ նախագահի` 2011 թ. սեպտեմբերի 17-ի հրամանագրով ստեղծվել է Տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման եւ ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ: Վերջինիս գործունեությունն ուղղված է լինելու գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը եւ պարզեցմանը, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը, ինչպես նաեւ դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը: