Շվեդիայի ամենահեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը՝ Ստոկհոլմի Կարոլինսկայի ինստիտուտը,  փետրվարի 5-ին հայտնել է հետազոտական նմուշների կորստի մասին: Պատճառը՝ Սուրբ Ծննդյան տոներին տեղի ունեցած սառցախցիկի խափանումն է եղել: Այս մասին հայտնում է AFP-ն։

Հետազոտական նմուշներն ինստիտուտում պահված են եղել հեղուկ ազոտով սառեցված տանկերում՝ մինուս 190 աստիճան Ցելսիուսի պայմաններում: Դեկտեմբերի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել կրիոգեն տանկերին հեղուկ ազոտի մատակարարման ընդհատում: Չնայած տանկերը կարող են առանց լրացուցիչ հեղուկ ազոտի աշխատել չորս օր, սակայն խափանումը տևել է հինգ օր, ինչի արդյունքում նմուշները ոչնչացվել են:

«Դա տեղի է ունեցել Շվեդիայում, երևի թե ամենավատ ժամանակին, որը կարելի է պատկերացնել՝ Սուրբ Ծննդից ընդամենը մեկ օր առաջ», - AFP-ին ասել է Կարոլինսկայի ինստիտուտի հարավային համալսարանի դեկան Մատի Սալբերգը:

Նրա խոսքով՝ կորցրած նմուշների արժեքը չի գնահատվել, սակայն խոսքը միլիոնավոր շվեդական կրոնի մասին է։ «Ամենաուժեղ հարվածը ստացել են այն մարդիկ,  ովքեր զբաղվում էին լեյկոզի հետազոտությամբ, ովքեր 30 տարի շարունակ նմուշներ էին հավաքում հիվանդներից», - ավելացրել է Սալբերգը:

Միջադեպի առնչությամբ համալսարանը ծառայողական քննություն է սկսել և իրավիճակի մասին հայտնել են ոստիկանություն, թեև մինչ այժմ դեպքի առնչությամբ դրսի միջամտության նշաններ չեն տեսնում։ Սակայն շվեդական լրատվամիջոցները պնդում են, որ վարկածներից մեկով դիտարկվում է նաև հաքերային հարձակման տարբերակը։