Երկուշաբթի լատիշ ֆերմերները բողոքի ակցիա են իրականացրել 16 քաղաքներում՝ պահանջելով արգելել ռուսական եւ բելառուսական գյուղտնտարտադրանքի ներմուծումը։

«ԵՄ-ն թույլ է տալիս ներմուծել արյունոտ ռուսական հացահատիկը մեր ընդհանուր շուկա եւ տեղափոխել եվրոպական նավահանգիստներով ու տերմինալներով։ Մի ձեռքով օգնում ենք ուկրաինացիներին, մյուսով ագրեսորին թույլ ենք տալիս գողանալ հացահատիկն Ուկրաինայում եւ մեծ շահույթով վաճառել Եվրոպայում։ Մենք պահանջում ենք դադարեցնել սա»,- AFP գործակալությունը մեջբերել է ակցիայի կազմակերպչին՝ Յուրիս Լազդինշին։

Բողոքի ակցիաներն իրականացվել են 16 քաղաքներում, բայց ոչ Ռիգայում, որտեղ ակցիաներ կսկսվեն, եթե մինչեւ փետրվարի 12-ը կառավարությունը չընդառաջի ֆերմերներին։

Ինչպես տեղեկացրել է Delfi ինտերնետ-պարբերականը, ֆերմերները պահանջում են նաեւ իջեցնել ավելացված արժեքի հարկը Լատվիայում աճեցված մրգերի, հատապտուղների եւ բանջարեղեների համար, կրճատել բյուրոկրատական քաշքշուկները, ինչպես նաեւ հեշտացնել ապահովագրման ծրագրերի հասանելիությունը։