Արմատական «Թալիբան» շարժման անվտանգության ծառայությունը Տաջիկստանի հետ սահմանամերձ Թախար նահանգում պարելու համար ձերբակալել է 10 գյուղացիների, ինչպես նաև առգրավել նրանց երաժշտական գործիքները։ Այս մասին հայտնում է տեղական Etilaat Roz թերթը՝ վկայակոչելով ծառայության աշխատակցին։
Նրա խոսքով՝ հյուսիսարեւելյան Թախար նահանգի Յանգի Կալա շրջանում գտնվող Սաֆիմանգալ գյուղի 10 հոգանոց բնակիչների խումբը մեղադրվում է իրենց տանը պարելու մեջ։ Նրանց մոտից առգրավվել է «դափ ու թմբուկ»։
2021 թվականին Աֆղանստանում թալիբների իշխանության հաստատումից հետո շարժման ներկայացուցիչները սահմանափակումներ են մտցրել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ «պետությունում համապատասխան իսլամական միջավայր ստեղծելու անվան տակ»։ Արմատականները նշել են, որ պարն ու երաժշտական գործիքներ նվագելը երիտասարդության կոռուպցիայի և հասարակության դեգրադացիայի պատճառ են, և բնակիչներին զգուշացրել են, որ երաժշտություն լսելն ու նվագելն արգելված է, իսկ այս կանոնը չկատարողները լուրջ պատիժ են կրելու։





























