Ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի խնդիրների լուծումը գտնվում է տնտեսության սրընթաց աճի մեջ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, Հայաստանի ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
Նա հիշեցրեց, որ 2023-ի արդյունքում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4 տոկոսով. «Դրան զուգահեռ գնաճը նախորդ տարի կազմել է ընդամենը 2 տոկոս: Ինչո՞ւ ընդամենը, քանի որ Հայաստանում արձանագրված գնաճն աշխարհում արձանագրված համանման ցուցանիշների շարքից ամենացածներից մեկն է»,-ասաց Պապոյանը:
Ըստ նրա՝ սակայն, տոկոսներն ամբողջությամբ պատկերացում չեն տալիս իրական կյանքում արձանագրված փոփոխությունների մասին: Պատգամավորը ներկայացրեց հեղափոխությունից առաջ և հետո արձանագրված ցուցանիշներ:
«2017-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ մեր ՀՆԱ-ն կազմել է մոտ 5.6 տրլն դրամ, այնինչ 2023 թ վերջի դրությամբ կկազմի ավելի քան 9.2 տրլն դրամ կամ մոտ 65 տոկոսով ավելի: Եթե 2017 թ. Հայաստան էր այցելել ընդամենը 1.5 մլն զբոսաշրջիկ, ապա 2023-ին այդ թիվն անցել է 2.3 մլն-ը կամ ավելի քան 50 տոկոսով ավելի է»,-ասաց Պապոյանը:
Ըստ նրա՝ գործարկված բնակելի մակերեսները 2017-ին կազմել են ընդամենը 120 հազար քառ. մետր, ապա 2023-ին եղել են մոտ 6 անգամ շատ՝ 700 հազար քառ. կմ:
«Վստահ եմ, որ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում մեր բոլոր խնդիրների լուծումը գտնվում է տնտեսության կայուն ու սրընթաց աճի մեջ՝ այնպես, ինչպես եղավ պատերազմին հաջորդած 3 տարիների ընթացքում՝ 5.8 տոկոս, 12.6 տոկոս և այս տարի՝ 9.4 տոկոս տնտեսական ակտիվության աճ: Եվ ուրեմն բոլորս ի գործ, որ այս և հաջորդ տարիներին կարողանանք ապահովել 7 տոկոս բարձր տնտեսական աճ, որը հնարավորություն կտա ապահովել մեր երկրի առջև կանգնած խնդիրների լուծումները»,-նշեց նա:





























