Չիլիի նախկին նախագահ, միլիարդատեր Սեբաստիան Պինյերան մահացել է ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Այն ընկել է երկրի հարավում գտնվող Ռանկո լիճը, տեղեկացրել է La Nación թերթը՝ հղում կատարելով պետության նախկին նախագահի գրասենյակին։
Նախկին նախագահն ինքն է եղել ուղղաթիռի ղեկին։ Թռիչքի սկսվելուց շատ չանցած Robinson R66 ուղղաթիռը ընկել է Անդերի լեռներում գտնվող լիճը։ Նրա հետ միասին ուղղաթիռում եղել է երեք մարդ, նրանք բոլորը փրկվել են։ Պինյերան չի կարողացել դուրս գալ ուղղաթիռից եւ հավանաբար խեղդվել է։ Ուղղաթիռը, ինչպես տեղեկացրել է Reuters-ը, մոտ 40 մետր խորությունում է գտնվում։
Աղետի պատճառը չի նշվում։ Չիլիական 24 Horas ալիքը տեղեկացրել է, որ քաղաքական գործիչը վերջերս էր թարմացրել օդաչուի լիցենզիան։ Ուղղաթիռի կործանման պահին անձրեւ է տեղացել, տեսանելիությունը վատացել է մառախուղի պատճառով։
Չիլիի կառավարությունը հաստատել է նախկին նախագահի մահը եւ ազգային սուգ հայտարարել։
74-ամյա Պինյերան գործարար էր եւ ներդրող, զբաղվում էր քաղաքականությամբ 1990-ականներին։ 2010թ. դարձել է Չիլիի առաջին աջ նախագահը Աուգուստո Պինոչետի հրաժարականից հետո։ Պինյերան նախագահ է ընտրվել երկու անգամ՝ քառամյա ժամկետով, 2010 եւ 2018թթ.։ Foirbes-ը նրա կարողությունը գնահատում է 2,7 մլրդ դոլար։





























