Նախկին քաղբանտարկյալ Ֆելիքս Գեւորգյանի վրա ճնշումներ են գործադրվում հոր` Աջափնյակի ՀԱԿ գրասենյակի ղեկավարի քաղաքական գործունեության պատճառով: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ 2011թ սեպտեմբերի 29-ին, Մաշտոցի բաժնի քրեականի հետախուզության բաժնի պետ Արթուր Գեւորգյանը, նրա տեղակալը՝ Արկադի Սահակյանը եւ հինգ այլ աշխատակիցներ ձերբակալել են Ֆելիքս Գեւորգյանին իր տնից ու տեղափոխել Մաշտոցի բաժին: Փաստաբանի ներկայացմամբ` ոստիկաններն առգրավել են տան բանալին, նրա անձնագիրը, եւ Ֆելիքսի ծնողները միայն մեկ օր հետո են իմացել, որ իրենց որդուն ձերբակալել են: Հետագայում քննիչը փաստաբանին է տվել առգրավված իրերը, որոնք ինքը վերադարձրել է ծնողներին:
Ստեփան Ոսկանյանի խոսքով` բաժնում Ֆելիքս Գեւորգյանին անմիջապես առաջարկվել է իր վրա վերցնել մարտի մեկի սպանություններից մեկը, իսկ այնուհետեւ` նաեւ մի շարք գողությունների փաստեր: Նրան բաժնում խոշտանգել են, բռնությունների են ենթարկել, որոնց արդյունքում համաձայնել է իր վրա վերցնել մեղադրանքը:
Փաստաբանի գնահատմամբ` մեղադրանքները շինծու են, կոնկրետ վայրեր չեն նշվում, օրինակ` դրանցում նշվում է, որ Ֆելիքս Գեւորգյանը ինչ-որ գյուղի նկուղից գողություն է արել, կամ Երեւանի ինչ-որ խանութի հարակից տարածքից: «Ոստիկանությունում Ֆելիքսի ոտքերն այրել են շիկացրած ձողով, հարվածել են ոտքերին, մինչեւ հիմա նա նորմալ չի կարողանում քայլել»,- նշեց Ստեփան Ոսկանյանը` հավելելով, որ պաշտպանի ներգրավումից հետո միայն նա հրաժարվել է ցուցմունքից: Գործը քննվում է Մաշտոցի քննչական բաժնում 177 հոդվածի 1 մասով, հետո նաեւ ավելացվել է երկրորդ մասի 3-րդ կետը: Ստեփան Ոսկանյանը նշեց, որ մեղադրանքի ծավալը կարող է փոփոխվել, հնարավոր է` նաեւ անմեղ ճանաչվի, իսկ դատապարտվելու դեպքում նրան սպառնում է առավելագույնը 5 տարի ազատազրկում:
Նշենք, որ գործի կապակցությամբ դիմում-բողոքներ են ուղարկվել դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանին: Փաստաբանը դատաբժշկական փորձաքննություն է պահանջել եւ հույս ունի, որ համապատասխան եզրակացություն կարվի ու մեղավորները կպատժվեն:




























