Լեհաստանի 260 վայրերում միաժամանակ սկսվել են ֆերմերների բողոքի ցույցերը, տրակտորների և գյուղատնտեսական այլ տեխնիկայի սյունները շարժվել են խոշոր քաղաքների ուղղությամբ: Այս մասին հայտնում է interia.pl ինտերնետային պորտալը։
Պորտալի տվյալներով՝ ամենախոշոր ակցիան նախատեսված է Պոզնանում, որտեղ արդեն մոտ հազար տրակտոր է շարժվում։ Բողոքող ֆերմերները տեղափոխվում են նաև Ռադոմ, Էլբլագ և այլ քաղաքներ։
Արդեն գրանցվել են ճանապարհների շրջափակումներ Օժարով քաղաքում և Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մեդիկա անցակետի մոտ։ Ճանապարհներ և մայրուղիներ գյուղտեխնիկայի զանգվածային տեղաշարժի պատճառով ոստիկանությունը վարորդներին խնդրում է շրջանցիկ երթուղիներ փնտրել։
Հայտարարվել է, որ բողոքի ցույցերն ամբողջ Լեհաստանում կշարունակվեն 30 օր։
Ֆերմերները պահանջում են սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել Ուկրաինայից էժան գյուղմթերքների ներմուծումը, ուժեղացնել ազգային անասնաբուծության աջակցությունը, ինչպես նաև անհամաձայնություն հայտնել Եվրամիության «Կանաչ գործարքի» ռազմավարությանը, որը կոչ է անում մինչև 2050 թվականը ածխածնի զրոյական արտանետումների հասնել: Ֆերմերների բողոքի ակցիային աջակցում է Լեհաստանի գյուղատնտեսության նախարարությունը։ «Մենք չենք ցանկանում սահմանափակել [գյուղմթերք արտադրողների] միության գործողությունները, դա նրանց իրավունքն է», - հինգշաբթի ասել է Գյուղատնտեսության նախարարության ղեկավար Չեսլավ Սեկյերսկին. «Մենք կարծում ենք, որ ֆերմերները ճիշտ են բողոքում».





























