Եգիպտոսն ու Մեքսիկան իրարից բաժանված են օվկիանոսի և անապատի հազարավոր մղոններով, տարբերվում են լեզվով, քաղաքականությամբ և մշակույթով:

Բայց երբ երկու երկրի քաղաքացիները ուրբաթ առավոտյան ծանոթացան լուրերին, ոմանց միավորեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդեպ տարակուսանքի, իսկ որոշ դեպքերում՝ թեթևամտության ընդհանուր զգացումը, հաղորդում է BBC-ն:

Հինգշաբթի երեկոյան կայացած մամուլի ասուլիսում, որի նպատակն էր պաշտպանել իր ճանաչողական կարողությունները իրեն քննադատողներից, Բայդենը ակամայից Եգիպտոսի առաջնորդ Աբդել Ֆաթահ ալ Սիսիին անվանեց «Մեքսիկայի նախագահ»:

Մեկնաբանությունը, որը հայտնվեց մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ հրապարակվեց  գաղտնազերծված փաստաթղթերի նկատմամբ Բայդենի վերաբերմունքի մասին զեկույցի եզրակացությունը, արագ երկու երկրի սոցիալական ցանցերում փոթորիկ առաջացրեց:

Սոցիալական X հարթակում որոշ մեքսիկացիներ թեթևամտորեն վերաբերվեցին այս վրիպմանը՝ ներկայացնելով մեքսիկական դրոշի պատկերը, որում օձակեր արծիվը փոխարինվել էր  Եգիպտոսի զինանշանի վրայի Սալադինի արծվով:

Նմանապես, որոշ եգիպտացիներ Եգիպտոսի դրոշի վրա մեքսիկական արծվին էին պատկերել, նրանցից մեկը մակագրել էր «Կեցցե Մեքսիկայի Արաբական Հանրապետությունը»:

X-ի մյուս օգտատերերն էլ ավելի հեռուն գնացին՝  մայաների տաճարների պատկերները  բուրգերի կողքին գտնվող ավազաթմբերի մեջ տեղադրելով, ներկայացնելով Գիզայում սոմբրերոներով տակո վաճառողներին կամ մեքսիկական ավանդական հագուստով նախագահ Էլ-Սիսիին՝ կիթառ նվագելիս։

Սակայն ոչ բոլոր եգիպտացիները ուշադրություն դարձրեցին  Բայդենի վրիպման զվարճալի կողմին։ Շատ օգտատերեր անվստահություն հայտնեցին նախագահին թույլ տված կոպիտ սխալի առիթով  և զայրույթ նրա նկատմամբ, ոմանք էլ պահն օգտագործեցին  Գազայի պատերազմի ժամանակ Իսրայելին ԱՄՆ-ի աջակցության պատճառով Բայդենին քննադատելու համար:

Հինգշաբթի օրվա վրիպումը վերջինն էր մի քանի սխալներից, որոնք Բայդենը թույլ է տվել համաշխարհային առաջնորդների մասին խոսելիս, և լրացուցիչ կասկածներ առաջացրեց 81-ամյա տղամարդու  հիշողության և մտավոր գործունեության հանդեպ: