Իտալիայի ամենահեղինակավոր «Եվրասիա. Աշխարհաքաղաքական ուսումնասիրությունների ամսագրի» նոյեմբերի համարում հրապարակվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի հարցազրույցը հայ-իտալական պատմական առնչությունների, երկկողմ համագործակցության ներկայիս վիճակի եւ հեռանկարների, ինչպես նաեւ Արաբական աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծավալուն հարցազրույցում զգալի տեղ է հատկացված ԼՂ հիմնախնդրի էության պարզաբանմանն ու կարգավորման վերջին զարգացումներին: Այդ կապակցությամբ դեսպանը շեշտել է, որ ՀՀ դիրքորոշումն այսօր համընկնում է հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդ երկրների դիրքորոշմանը, ինչը վկայում է հայկական դիվանագիտության արդյունավետության մասին: Մինչ այդ ծավալվող հայատյաց քարոզչության ֆոնին Բաքուն որդեգրել է սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն, որն ապակայունացնում է տարածաշրջանը, իսկ ադրբեջանական կողմից զինադադարի խախտման հարյուրավոր դեպքերը սպառնում են նոր պատերազմի վերսկսումով: Ըստ դեսպանի, Ադրբեջանն ակնհայտորեն բանակցությունների ձախողմանն ուղղված մարտավարություն է որդեգրել` դրանով իսկ հակադրվելով ոչ միայն Հայաստանին, այլեւ միջազգային հանրությանը:
Ռուբեն Կարապետյանը հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հարաբերություններին ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ` այդ առիթով ընդգծելով ՀՀ արտաքին քաղաքականության հատկանշական հաջողությանը տարածաշրջանում ներգրավված վերոհիշյալ ուժերի, ինչպես նաեւ Իրանի հետ առկա հավասարաչափ գերազանց հարաբերությունների առկայությունը, ինչը չի կարելի է ասել նախկին ԽՍՀՄ որեւէ այլ հանրապետության մասին:
Դեսպանն անդրադարձել է նաեւ Մերձավոր Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին ու արաբական աշխարհի հետ Հայաստանի հարաբերություններին:
Հարցազրույցը իտալերեն լեզվով հնարավոր է կարդալ համացանցային հետեւյալ հասցեով:




























