Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր` նոյեմբերի 4-ին, հանդիպել է համալսարանի մի խումբ ուսանողների հետ: Հերթական հանդիպման առիթն այս անգամ մարքեթինգի հիմնադիր, խոշորագույն գիտնական, կենդանի լեգենդ Ֆիլիպ Կոտլերի այցն է Հայաստան: Այցի շրջանակում նախատեսված սեմինարների շարքում նա հանդիպելու է նաեւ ուսանողների հետ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողությունը, մասնավորապես ակտիվ, խելացի, գերազանց առաջադիմություն ցուցաբերող այն ուսանողները, ովքեր նաեւ մարքեթինգի հստակ մասնագիտական կողմնորոշում ունեն, պարզապես չեն կարող մասնակից չդառնալ այդ բացառիկ իրադարձությանը:
Պրոֆեսոր Կոտլերը գալիս է Հայաստան` ներկայացնելու իր նոր` «Մարքեթինգ 3.0» հայեցակարգը, որի հիմնական իմաստն ու շեշտադրումը կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն է: «Ես` որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ որոշել եմ աջակցություն ցուցաբերել մեր բուհի ուսանողներին Ֆիլիպ Կոտլերի դասընթացների ուսանողական սեսիային մասնակցելու հարցում»,- ասաց Ազգային ժողովի նախագահը: Նշենք, որ սեմինարին մասնակցելու համար ուսանողների համար նախատեսված վճարը կազմում է 25 հազար դրամ: ՀՊՏՀ-ում մրցութային կարգով ընտրվել է 30 ուսանողներ, ովքեր էլ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ կմասնակցեն սեմինարին:
ԱԺ նախագահի խոսքով` Ֆիլիպ Կոտլերն իր դասախոսություններով կկարողանա նպաստել մարքեթինգի եւ մենեջմենթի ոլորտների ապագա մասնագետների կատարելագործմանը եւ ընդլայնել նրանց գիտելիքները, ապահովել նրանց մրցունակությունը մասնագիտական դաշտում:
Ուսանողներն առիթից օգտվելով, Հովիկ Աբրահամյանին հրավիրել են մասնակցելու օրերս կայանալիք` ՀՊՏՀ-ի ուսանողական թերթի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառմանը:
ԱԺ նախագահը բուհի ուսանողներին եւս մեկ անգամ հավաստիացրել է, որ շարունակելու է նրանց կողքին լինել եւ աջակցել նրանց ծրագրերին եւ որակյալ գիտելիք ստանալուն :
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշել է, որ Հովիկ Աբրահամայնը մշտապես ուսանողների կողքին է եղել, եւ Ֆիլիպ Կոտլերի սեմինարին ՀՊՏՀ ուսանողների մասնակցությունն ապահովելը դրա օրինակներից մեկն է: ՀՊՏՀ ռեկտորը կարեւորել է ԱԺ նախագահի հետ հանդիպումները, մասնավորապես ընդգծելով, որ նման հանդիպումների անկաշկանդ ու անմիջական մթնոլորտը կոտրում է պաշտոնյա- ուսանող հարաբերությունների մասին կարծրատիպերը:
Հանդիպումից հետո ԱԺ նախագահն ու ուսանողները լուսանկարվել են խորհրդարանի նիստերի դահլիճում:




























