Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, ով այսօր` նոյեմբերի 4-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Գարեգին Բ-ի գահակալության 12-րդ տարեդարձին եւ ծննդյան 60-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին, կաթողիկոսի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ հանդես է եկել ելույթով:

Ստորեւ ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի ելույթը.

«Այստեղ գտնվելը եւ այս միջոցառմանը մասնակցելը մեծ պատիվ է. պատիվ, որը ես կիսում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու միլիոնավոր զավակների հետ: Այդ հոգեւոր ընդհանրության կենտրոնը գտնվում է Հայաստանում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որից ճառագող լույսին են ուղղված աշխարհասփյուռ մեր քույրերի ու եղբայրների հայացքները:

Այսօր ես այստեղ եմ գտնվում` որպես միլիոնավորներից մեկը, ով եկել է վերահաստատելու իր որդիական սերն ու ակնածանքը Վեհափառ Հայրապետին` նրա վաթսունամյակի հանդիսավոր տոնակատարության առթիվ: Դուք եւ Ձեր սերնդի հոգեւորականները հատուկ առաքելություն եւ երջանկություն ունեք: Դուք մեր եկեղեցու հոգեւոր սպասավորի ծառայության ուղին ընտրեցիք այն տարիներին, երբ դա ամենեւին խրախուսված չէր: Ավելին, այդ ժամանակ հավատքը հանիրավի նսեմացվում էր, իսկ հավատավորները հետապնդվում էին իրենց դավանանքը պահպանելու համար:

Հոգեւոր ծառայության այդ ուղին սկսվեց երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ով մեր ժողովրդի` իր հոգեւոր արմատներին հավատարմության իսկական խորհրդանիշ էր: Նրա առաջնորդության տասնամյակների այդ մեղմ, սակայն հաստատակամ դիմադրությունը ճանապարհ էր հարթում մեր ազատության եւ անկախության համար:

Վազգեն Առաջինն ու նրա սաները, որոնց շարքում էր նաեւ մեր հովվապետը, թույլ չտվեցին, որ կտրվի ժամանակների կապը:  Նրանք կանխում էին կեղծ կուռքերով իրական արժեքները փոխարինելու փորձերը: Նրանք գալիս էին ստանձնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու վերածննդի հովիվների առաքելությունը:

Այսօր մեր երկրում եւ նրա սահմաններից դուրս ծավալվել է լրջագույն եկեղեցաշինական շարժում, որն առաջնորդում է Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը: Մեր բնակավայրերում վեր են խոյանում նոր հոյակերտ տաճարներ, նոր շունչ են ստանում խոնարհվածները՝ մարմնավորելով մեր սերն ու նվիրումը մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Մարդու հոգեւոր ու բարոյական կատարելագործումը եւ դարձը դեպի մայր եկեղեցի Վեհափառ Հայրապետի անխոնջ գործունեության հիմնական նպատակն է:

Այս առումով ամենեւին էլ պատահական չէ նրա համակ ուշադրությունը երիտասարդ սերնդի հետ տարվող աշխատանքներին, ինչն այսօր իսկապես ընդգրկուն եւ բազմաշերտ է՝ հայորդաց տներից մինչեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու երիտասարդական միություն: Վեհափառ Տերը, որպես իսկական քրիստոնյա, զուսպ եւ համեստ է իր խոսքերում: Մեր շուրջը տիրող ինքնագովասանքի աշխարհում նա խուսափում է իր գործունեությունն ի ցույց դնելուց եւ չի խրախուսում դա: Սակայն նրա հովվապետության արդյունքները երբեք չի կարելի համեստ գնահատել: Նրա խոնարհ ծառայության եւ վստահ ու հաստատուն առաջնորդության արդյունքն ակնհայտ է: Աչք ունեցողը` կտեսնի, ականջ ունեցողը` կլսի: Իսկ մեր բոլորի պարտականությունն է` լինել նրա կողքին եւ աջակցել մեր Սուրբ եկեղեցուն:

Ակնհայտ է, որ նրա տքնաջան աշխատանքն ու նվիրյալ ջանքերն ապարդյուն չեն անցնում: Այսօր Հայաստանը հոգեւոր վերելք է ապրում: Մարդիկ կրկին վերադարձել են իրենց ակունքներին, իրենց հայրերի հավատքին ու արժեքներին, որպեսզի հասկանան, թե ո՞վ են իրենք, որտեղի՞ց են եկել եւ ո՞ւր են գնում:

Այս հարցերը երբեք ժամանակավրեպ չեն:

Այս հարցերի պատասխանները մեր նախնիներին են բերել Թադեւոս եւ Բարդուղիմեոս առաքյալները` Հայաստան աշխարհին մատուցելով Աստվածաշնչի քարոզը եւ ճշմարիտ խոսքը:

Այս հարցերի պատասխաններն է տվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ում կանթեղն այսօր էլ փարոս է բոլորիս համար:

Այս հարցերի պատասխանները յուրաքանչյուր հայի համար հասու են դարձել Սուրբ Մեսրոպի եւ Սուրբ Սահակի օգնությամբ, ջանքերով, տքնանքով ովքեր նոր հիմք դրեցին հայոց դպրության համար:

Այս հարցերի պատասխաններն այսօր էլ տալիս են Սուրբ Վարդան Մամիկոնյանն ու վարդանանց քաջերը, որոնց ժառանգած գենը հանգիստ չի տալիս մեր հանդեպ ատելություն ու թշնամանք սերմանողներին:

Քրիստոնեական հավատքը, սերը եւ բարոյականությունը, մեր դավանանքը աչքի լույսի պես պահելու ու պաշտպանելու պատասխանատվությունը օրհնություն է բոլորիս համար: Դա յուրաքանչյուրի՛ս պատասխանատվությունն է միմյանց եւ ամբողջ մարդկության հանդեպ:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ: Օրերս լրացավ նաեւ Ձեր հովվապետության տասներկուամյակը, ինչը նշանավորվում է մեր միջավայրում մեր իսկ արժեքների ամրապնդմամբ:

Խորապես համոզված եմ, որ բարոյականությունը, հավատքը եւ եկեղեցին փոխկապակցված են եւ փոխպայմանավորված: Մեր ժողովրդի միլիոնավոր զավակների հետ միասին առ Աստված եմ ուղղում իմ աղոթքը եւ խնդրում ուժ, կորով ու շնորհ` Ձեր վեհ առաքելությունն իրականացնելու գործում:

Թող Աստված պահի ու պահպանի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, Հայաստան աշխարհը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր նվիրյալ գահակալով»: