Տոկիոյի հարեւան Սայտամա պրեֆեկտուրայի ոստիկանությունը ձերբակալել է 59-ամյա գործազուրկ մի տղամարդու այն բանից հետո, երբ նա 11 ժամ անընդհատ զանգահարել է տեղի մունիցիպալիտետ եւ սպառնացել, տեղեկացրել է NHK հեռուստաալիքը։

Նշվել է, որ տղամարդը պահանջել է փոխհատուցել իր տրանսպորտային ծախսերը տնից հիվանդանոց ճանապարհի համար, որտեղ գտնվել էր ավելի վաղ։ Մունիցիպալիտետի աշխատակիցները փորձել են բացատրել նրան, որ ապահովագրությունը նման փոխհատուցում չի նախատեսում, սակայն տղամարդն ի պատասխան խոստացել է «դժոխք ապահովել» եւ սպառնացել է անձամբ գալ մունիցիպալիտետ՝ հաշվեհարդարի համար։ Արդյունքում՝ տղամարդը ձերբակալվել է ոստիկանության կողմից՝ պետական հաստատության աշխատանքին միտումնավոր խանգարելու կասկածանքով։

Հարցաքննության ժամանակ տղամարդը հրաժարվել է ընդունել մեղքը, ինչից հետո ասել է, որ հետագա հարցերին չի պատասխանի եւ լռություն կպահպանի։