Թերթը գրում է. «Երեկ Ռուսաստանում տոն էր. Ժողովրդական (ազգային) միասնության օրը։
Պետության ղեկավարները՝ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը, միասնության տոնը նշել են մայրաքաղաքից հեռու՝ Նիժնի Նովգորոդում։ Այստեղ, տոնական ընդունելության ժամանակ նախագահը հայտարարել է. «Ռուսաստանը պետք է պահպանի իր հսկայական առավելությունը՝ ազգամիջյան համերաշխությունը»։
Հենց այդ նույն ժամանակ, բայց արդեն Մոսկվայի Լյուբլինո շրջանում բոլորովին այլ կոչեր ու կարգախոսներ էին հնչում։ Այնտեղ հավաքվել էին, այսպես կոչված, «Ռուսական երթի» մասնակիցները։
«Ռուսական երթի» երեկվա հիմնական «ասելիքը», այնուամենայնիվ, ընդգծված ֆաշիստական շեշտադրում ուներ եւ այլատյացության հստակ բովանդակություն։ Այնպիսին, որ եթե հանկարծ, ասենք, Երեւանում, Թբիլիսիում կամ, օրինակ, Ռիգայում մի քանի տասնյակ հոգի իրենց նման բան թույլ տային, ապա հաջորդ վայրկյանից սկսած Ռուսաստանի դեսպաններն ուղղակի գլխահան կանեին իրենց հայտարարություններով, չհաշված արդեն ռուսական հեռուստաալիքների տիեզերական աղմուկը, որ ստուգապես նրանք կբարձրացնեին։
Ահավասիկ մի քանի կարգախոսներ, որ երեկ Ռուսաստանի մայրաքաղաքում գոռգոռում էր այդ երթին մասնակցող բազմահազարանոց՝ առավելապես 15-25 տարեկաններից կազմված ամբոխը. «Խփիր խաչերին», «Ռուսաստանը՝ ռուսներին, Մոսկվան՝ մոսկվացիներին, հապա ռադ եղեք այստեղից...»։
Երբ Կովկասի ու կովկասցիների հասցեին հայհոյանքներ բացականչող ակտիվիստներին երթի կազմակերպիչներից մեկը հորդորել է «սրբագրված» կարգախոսներ վանկարկել, օրինակ՝ «Բավական է կերակրել Կովկասը», դիմակավորված ծայրահեղականների բազմությունը մի երկու անգամ կրկնել է նրա հետեւից, ապա արագորեն անցել շատ ավելի «տարողունակ» բացականչությունների՝ «Խփիր խաչերին, փրկիր Ռուսաստանը»։
Ի դեպ, եթե տեղյակ չեք, նշենք, որ օղեբույր ու «անջատված» ֆանատիկոսների այդ զանգվածը «խաչ» ասելով նկատի ունի կովկասցիներին, «սեւերին» ընդհանրապես, առավելապես հայերին։ Այլ կերպ ասած, մեր ռազմավարական դաշնակիցը համարվող պետության մայրաքաղաքում օրը ցերեկով, մի քանի հազար գլխաքանակով բազմությունը անարգում ու անկաշկանդ կոչ է անում... «խփել հայերին» ու այդպիսով... «փրկել Ռուսաստանը»։
Եվ պետք չէ զարմանալ, որ երթի հենց սկզբում դրա մասնակիցները խփել են... ֆոտոլրագրողներից մեկին։ Իսկ երթից հետո կարճ կտրված սանրվածքով մի տասը հոգի, դրանից մի քանի ժամ առաջ կայսերական դրոշները թափահարելով, ակնհայտորեն «Ռուսական երթ» անողներ, մետրոյի «Վոլժսկայա» կայարանում, գնացքի վագոնից դուրս են արել ու հարվածներ հասցրել ասիական արտաքինով մի տղամարդու։ Նա հազիվ հասցրել է վազել ոստիկանների մոտ, այլապես...
Իսկ այլապես՝ ի՞նչ, ընդամենը Ռուսաստանի ոստիկանության ամփոփագրերում կարձանագրվեր «խուլիգանական մղումներով» եւս մեկ սպանություն, իսկ «անջատված» մի քանի լակոտ-լուկուտ կդառնային «ազգային հերոսներ»։ Այն, որ տեղի ունեցածը այլատյացության դրսեւորում է, արագորեն «կմոռացվեր», չէ՞ որ պաշտոնական վարկածով «ազգամիջյան համերաշխությունը Ռուսաստանի հսկայական առավելությունն է»։
Ճիշտ է, մի քանի ազգայնական-մարդասպանների դատավարություններ Ռուսաստանում եղան, բայց դրանք որակական փոփոխություն չնախանշեցին։ Ավելի շուտ՝ հակառակը։
Հանուն ճշմարտության նշենք, որ երեկ Մոսկվայում հակաֆաշիստների ցույց էլ է եղել, բայց շատ ավելի համեստ՝ հազիվ 200-300 մասնակցով։ Հինգ-յոթ հազարը՝ որտեղ, 2-3 հարյուրը՝ ուր։
Ու որքան էլ հասկանալի լինի, որ ռուսական ֆաշիզմն ուղղված է բոլոր այլազգիների դեմ առհասարակ՝ լինեն հայ, ադրբեջանցի, ուզբեկ, տաջիկ, սեւամորթ ու շեղաչք, դա չի թեթեւացնում առկա մտահոգությունները։ Մենք հաճախ բանի տեղ չենք դնում կամ ուղղակի չնկատելու ենք տալիս ռուսական իրականության այս կողմը։ Կամ՝ չենք ուզում նկատել։ Միգուցե արագ մոռանում ենք, մինչեւ... Ռուսաստանում ՀՀ քաղաքացու կամ պարզապես հայազգի անձնավորության սպանության մասին հերթական լուրը։
Միայն վերջին տարիներին քանի՞ տասնյակ նման դեպք է եղել։ Իսկ դա արդեն կոնկրետ օրինաչափության եւ միանգամայն շոշափելի ֆաշիստական գործունեության մասին է խոսում։ Ավելի ճիշտ՝ ահազանգում։
Տարբեր տվյալներով Ռուսաստանում 1,5-2 միլիոն հայ կա։ Եվ նրանց մեծ մասին, փաստորեն, սպառնում է ոչ միայն ուծացումը (ռուսական իրականության մեջ հայերը չափազանց արագ են ձուլվում, եւ գործնականում արդեն երկրորդ սերունդը կտրվում է ազգային ինքնությունից, չի խոսում հայերեն), այլեւ ուղղակի սպանությունը։ Եվ դարավոր բարեկամության ու ռազմավարական դաշնակիցներ լինելու մասին ռաֆինացված, բաժակաճառեր հիշեցնող պաշտոնական հայտարարություններով այդ ամենի դեմը չես առնի»։

























