Կոլումբիայի իշխանությունները հայտարարել են երկրի բնական հարստությանն սպառնացող ահագնացող սպառնալիքի մասին։ Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ 2017-ից անհետացման վտանգի առջեւ հայտնված բուսատեսակների եւ կենդանիների թիվն ավելացել է ավելի քան կրկնակի եւ հասել 2 013-ի։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը։
Կոլումբիան աշխարհում երկրորդն է կենսաբազմազանությամբ՝ զիջելով միայն հարեւան Բրազիլիային։ Պետության տարածքում ապրում են բուսական եւ կենդանական աշխարհների ավելի քան 75 հազար տարբեր տեսակներ։
Ինչպես նշել են նախարարությունում, անցած յոթ տարիներին անհետացման կրիտիկական վտանգի առջեւ հայտնված տեսակների թիվը 182-ից հասել է 456-ի։ Անհետացող տեսակների թվաքանակը ավելացել է 87 տոկոսով՝ հասնելով 801-ի, իսկ խոցելի բույսերի եւ կենդանիների ցուցակը ընդլայնվել է՝ հասնելով 837 տեսակի՝ ավելանալով 22 տոկոսով։
Վտանգի առջեւ հայտնված տեսակների ցուցակում են հայտնվել երկու տիպի լամանտիններ, որոշ բույսեր, որոնք հանդիպում են միայն Կոլումբիայում։
«Մենք կոչ ենք անում բնապահպան եւ տարածաշրջանային իշխանություններին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ տեսակների պաշտպանության համար, որոնք գտնվում են անհետացման վտանգի առջեւ»,- ասել է Կոլումբիայի շրջակա միջավայրի քաղաքականության եւ առողջացման փոխնախարար Մաուրիսիո Կաբրերան։





























