ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը կարող է Եվրամիությանը դրդել վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ եւ ակտիվացնել նրա եվրաինտեգրման գործընթացը։ Դա կհանգեցնի Եվրոպայում Անկարայի դիրքերի ուժեղացման, մեկնաբանությունում գրել է Hürriyet թերթը։

«Թրամփի հնարավոր ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում, ամենայն հավանականությամբ, կունենա կրիտիկական հետեւանքներ Թուրքիայի համար՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ի մասին նրա վերջերս արած հակասական արտահայտությունները։ Հազիվ թե ԵՄ-ն, որը կձգտի ապահովել սեփական անվտանգությունն ընդդեմ Ռուսաստանի, կարողանա լիովին ինտեգրել Թուրքիային, որն ԱՄՆ-ից հետո ունի թվաքանակով երկրորդ բանակը ՆԱՏՕ-ում։ Զարմանալի չի լինի, եթե այդ ջանքները ԵՄ-ում որոշումներ ընդունող մարդկանց ստիպեն նորովի նայել Թուրքիային։ Այդ դեպքում պետք է պատրաստ լինել մի գործընթացի, որի ընթացքում կառաջանա Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների վերափոխման անհրաժեշտություն։ Այդ սցենարը կհանգեցնի Թուրքիայի դիրքերի ուժեղացման Եվրոպայի հանդեպ»,- նշել է Hurriyet-ի մեկնաբան Սեդաթ Էրգինը։

Նրա կարծիքով՝ «Թրամփի սցենարի» իրականացման դեպքում Թուրքիան պետք է դիտարկի մի քանի հարցեր սեփական անվտանգության վերաբերյալ։ «Թուրքիան օգտվում է ուժեղ զսպման հովանոցից՝ ՆԱՏՕ-ի մասին պայմանագրի 5-րդ հոդվածի համապատասխան։ Եթե նման երաշխիքն անհետանա կամ դառնա անորոշ, գուցե Թուրքիան ստիպված լինի վերանայել ամբողջ պաշտպանական դոկտրինը»,- ընդգծել է լրագրողը։

Թրամփն ավելի վաղ դժգոհություն էր հայտնել ՆԱՏՕ գործունեության վերաբերյալ եւ նոյեմբերյան ընտրություններում հաղթանակի դեպքում սպառնացել էր Հյուսիսատլանտյան դաշինքից ԱՄՆ-ի դուրս գալով, եթե եվրոպացի գործընկերները ավելի մեծ ֆինանսական պատասխանատվություն չկրեն սեփական անվտանգության համար։