Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար եւ նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը ամերիկացի կոնգրեսականներին կոչ է արել չկրկնել Պուտինի հանդեպ սխալները, որոնք թույլ են տրվել Հիտլերի հանդեպ, եւ շտապ հավանություն տալ  Ուկրաինայի բազմամիլիարդանոց ռազմական օգնությանը, գրել է BBC-ի Ռուսական ծառայությունը։

«Ես չեմ ցանկանում, որպեսզի մենք թուլություն ցուցաբերենք, ինչպես 1930-ականներին ցուցաբերեցինք Հիտլերի հանդեպ [...] Ես չեմ ցանկանում, որպեսզի մենք թուլություն ցուցաբերենք, որը ցուցաբերեցինք 2008թ. Պուտինի հանդեպ, երբ նա ներխուժեց Վրաստան, կամ  մեր պատասխանի անվստահությունը 2014թ., երբ նա զավթեց Ղրիմը եւ Դոնբասի մեծ մասը, որպեսզի ագրեսիայի նոր ակտ կատարի 2022թ., որը մեզ վրա շատ ավելի թանկ է նստում»,- գրել է լորդ Քեմերոնը The Hill ամերիկյան ինտերնետ-պարբերականի հոդվածում։

Քեմերոնը կոնգրեսականներին համոզում է, որ ավելի վառ օրինակ, երբ մի երկիր առանց որեւէ հիմնավորվածության, հարձակվել է մյուսի վրա, դժվար է պատկերացնել։

«Մի կողմում Պուտինն է, որը հույս ունի ընդլայնել իր կայսրությունը։ Նա մտածում է, որ մենք թույլ ենք։ Նա մտածում է, որ ինքը չի պատժվի ագրեսիայի ակտի համար»,- գրել է Ֆորին-օֆիսի ղեկավարը։

«Իսկ մյուս կողմում մենք ենք,- շարունակում է Քեմերոնը։- Մենք ռեսուրսներ ունենք, տնտեսական հզորություն, գիտելիքներ։ Մեր տնտեսությունն ավելի ուժեղ է ռուսականից 25 անգամ։ Նրանց ստիպված են դիմել Փհենյանի օգնությանը։ Այն, ինչ մենք պետք է անենք, մեր ուժը կիրառելն է։ Հարց. արդյո՞ք դրա համար կամք ունենք»։