ԵՄ դեսպանները փետրվարի 14-ին կայացած հանդիպմանը չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ, որոնք նախատեսվում է հայտարարել Ուկրաինա ռուսական ներխուժման երկրորդ տարելիցին: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պատժամիջոցները չհաջողվեց համաձայնեցնել Հունգարիայի դիրքորոշման պատճառով, որը դեմ էր Չինաստանի և Հնդկաստանի ընկերությունների սահմանափակումներին, որոնք, ինչպես ասվում է, օգնում են Ռուսաստանի պաշտպանության ոլորտին:
ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանից գրեթե 200 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև երեք չինական և մեկ հնդկական ընկերությունների դեմ։ Եթե հաստատվի, սա կլինի առաջին դեպքը, երբ Չինաստանի և Հնդկաստանի ձեռնարկությունները կենթարկվեն ԵՄ պատժամիջոցների՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով, նշում է Financial Times-ը։
Եվրոպացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Հունգարիան չի համաձայնեցրել պատժամիջոցների փաթեթը՝ դրանում չինական ընկերությունների առկայության պատճառով։ FT-ի մեկ այլ աղբյուր դեսպանների հանդիպումն անվանել է «կարծիքների արդյունավետ փոխանակում» և նաև բացատրել, որ Հունգարիայի ներկայացուցիչը «մի քիչ ավելի շատ ժամանակ է խնդրել վերլուծելու պատժամիջոցների վերաբերյալ առաջարկները»։
Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԵՄ-ն ծրագրում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի, Հնդկաստանի, Հոնկոնգի, Սերբիայի, Ղազախստանի, Թաիլանդի, Շրի Լանկայի և Թուրքիայի ընկերությունների դեմ։ Խոսքը երկու տասնյակ ընկերությունների մասին է։ FT-ն նշում է, որ ԵՄ-ն անցյալ տարի քննարկել է չինական ընկերությունների դեմ պատժամիջոցները, սակայն մի քանի անդամ երկրներ դեմ են արտահայտվել դրան։





























