Ինչպե՞ս է Արևմուտքն արձագանքում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվանը. BBC-ն մեջբերում է արևմտյան մի շարք առաջնորդների հայտարարությունները:

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմ. «Սարսափելի նորություններ՝ Ալեքսեյ Նավալնիի մասին. եթե ռուսական բանտում նրա մահվան մասին հաղորդագրությունը համապատասխանում է իրականությանը, ապա այն ներկայացնում է Պուտինի ռեժիմի հերթական սարսափելի հանցագործությունը: Նավալնիի հանդեպ անողոքությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչու է անհրաժեշտ շարունակել ավտորիտարիզմի դեմ պայքարը»։

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտե. «Նավալնիի մահը ցույց է տալիս ռուսական ռեժիմի աննախադեպ դաժանությունը։ Նավալնին պայքարում էր հանուն ժողովրդավարական արժեքների և ընդդեմ կոռուպցիայի։ Իր պայքարի համար նա ստիպված եղավ իր կյանքով վճարել, նրան պահում էին ամենադաժան ու անմարդկային պայմաններում։ Ուժ եմ մաղթում նրա ընտանիքին, սիրելիներին և բոլոր նրանց, ովքեր նրա հետ պայքարել են Ռուսաստանում փոփոխությունների համար»:

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոս. «Նրա ողբերգական մահը ևս մեկ անգամ ընդգծում է, թե ինչու ենք մենք շարունակելու աջակցել Ուկրաինային։ Ռուսաստանը չի հաղթի Ուկրաինայում: Մեր մտքերը Նավալնիի ընտանիքի, ընկերների և ռուս բոլոր խիզախ քաղբանտարկյալների հետ են»։

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկի. «Ինչպես Ռուսաստանը վերաբերվում է իր արտաքին քաղաքականությանը, այնպես էլ վերաբերվում է իր քաղաքացիներին: Այն դարձել է դաժան պետություն, որը սպանում է մարդկանց, ովքեր երազում են ավելի լավ ապագայի մասին, ինչպիսիք են Նեմցովը կամ այժմ Նավալնին, որոնք բանտարկված են և մահապատժի են ենթարկվել Պուտինի դեմ դուրս գալու համար»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն. «Նավալնիի մահը ռուսական բանտում միայն ընդգծում են Պուտինի կառուցած համակարգի թուլությունն ու փտումը: Սրա համար պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը։ Մենք դա կքննարկենք շատ այլ երկրների հետ, որոնք մտահոգված են Ալեքսեյ Նավալնիի ճակատագրով, հատկապես, եթե պարզվի, որ նրա մահվան լուրերը համապատասխանում են իրականությանը»։

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան. «Եթե լուրըհաստատվի, ապա դա սարսափելի ողբերգություն է։ Հաշվի առնելով Ռուսաստանի կառավարության՝ իր հակառակորդներին ցավ պատճառելու երկար ու պիղծ պատմությունը, իրական և ակնհայտ հարցեր է առաջացնում, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել»:

 Reuters-ն էլ մեբերում է արևմտյան որոշ այլ առաջնորդների հայտարարությունները.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակ. «Սարսափելի նորություն. Ալեքսեյ Նավալնին, որպես ռուսական ժողովրդավարության պաշտպան, իր ողջ կյանքի ընթացքում ցուցաբերել է անհավանական քաջություն»։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. «Խորապես մտահոգված և վշտացած եմ Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրով։ Պուտինն իր ժողովրդի այլակարծությունից բացի ոչնչից չի վախենում: Մռայլ հիշեցում, թե ինչ են Պուտինն ու նրա ռեժիմը: Մենք պետք է համախմբվենք մեր պայքարում հանուն նրանց ազատության և անվտանգության, ովքեր համարձակվում են ընդդիմանալ ինքնավարությանը»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգ․ «Խորապես վշտացած և անհանգստացած եմ Նավալնիի մահվան մասին լուրերից։ Բոլոր փաստերը պետք է հաստատվեն, և Ռուսաստանը պետք է պատասխանի նրա մահվան հանգամանքների վերաբերյալ բոլոր հարցերին»։