Ոստիկանության  Չարբախի բաժանմունքի եւ Ճանապարհային ոստիկանության ծառայողներն այսօր` նոյեմբերի 7-ին, ժամը 01.40-ին, Արարատյան փողոցում  ծառայություն կատարելիս, կանգնեցրել են «Մերսեդես Ե-320» մակնիշի մի ավտոմեքենա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչներ վարորդն ու  3 ուղեւորները, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկվել ոստիկանություն:

Ավտոմեքենայի զննությամբ  բեռնախցկից հայտնաբերվել է կանաչ կանեփանման 40 գ կշռով զանգված:

Ըստ վարորդի բացատրության`  զանգվածը պատրաստել է նոյեմբերի 3-ին  Արարատի մարզի Դարակերտ գյուղի Զանգվի գետափի հատվածում վայրի աճած կանեփի խոտաբույսից եւ օգտագործել է ծխելու եղանակով:

Հայտնաբերված կանեփանման զանգվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: