Թեեւ մենք չունենք ունիվերսալ լուծումներ, որոնք կկարողանայինք կիրառել բոլոր ձգձգվող հակամարտությունների դեպքում, բայց կարող ենք եզրակացություններ ներկայացնել, որոնց հանգել ենք սեփական հակամարտություններից ելնելով, որը երկար տարիներ համարվում էր անլուծելի:
Այս մասին kommersant.ru-ին տված հարցազրույցում նշել է Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ եւ առեւտրի նախարար Էյմոն Գիլմորը, հավելելով, որ որպես ԵԱՀԿ նախագահ, ողջունում է 2012-ին արտաքին քաղաքականության ոլորտում եւ միջազգային ասպարեզում Իռլանդիայի կողմից նոր արժեքներ որդեգրելը:
Նա նաեւ նշել է, որ այդ արժեքները ներառում են բազմակողմ համագործակցություն եւ մարդու իրավունքների հարգում, որոնք ընկած են ԵԱՀԿ գործունեության հիմքում:
«ԵԱՀԿ-ն կարեւոր դեր է խաղում համակարտությունների, հատկապես ձգձգվող հակամարտությունների կանխարգելման եւ լուծման ոլորտում, որոնք ազդում են տարածաշրջանի վրա: Որտեղ հնարավոր է, ես մտադիր եմ օգտագործել Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ կարգավորման մեր սեփական փորձը»,- ասել է նա:
Գիլմորը նաեւ նշել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ կարեւոր անդամն է եւ շատ ակտիվ դեր է խաղում կազմակերպությունում: «Հակամարտությունների լուծման գործում, օրինակ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շատ են աշխատել, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը լուծեն իրենց հին հակասությունները ԼՂ հարցում եւ ես ամբողջությամբ ողջունում եմ այդ ջանքերը»,-ընդգծել է Իռլանդիայի ԱԳ նախարարը:
Նա նաեւ ասել է, որ ուրախ կլինի ավելի լայն համագործակցություն ծավալել Ռուսաստանի հետ` ԵԱՀԿ գործունեության բոլոր ոլորտների վերաբերյալ:




























