Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Սպարտակ Մելիքյանի եւ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի վեճը նոր դրսեւորումներ է ստանում:

Նշենք, որ պատգամավորը Ազգային Ժողովի հոկտեմբերի 4-ի նիստում հայտարարել էր, թե Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը եւ նույն դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը իրենց ձեռքում են կենտրոնացրել ՀՀ դատական համակարգի կոռուպցիոն լծակները, նրանցի անձնական շահադիտությամբ եւ կոնկրետ հրահանգով են կայացվում գրեթե բոլոր դատական որոշումներն ու վճիռները, որ նաեւ այդպիսով շարքային դատավորների մեծամասնությունն այսօր զրկված է որեւէ ինքնուրույն, արդար վճիռ կայացնելու հնարավորությունից, իսկ չենթարկվողները պարզապես հեռացվում են աշխատանքից:

Հայաստանի վճռաբեկ դատարանը հայտարարություն էր տարածել, որում պատգամավորին խորհուրդ էր տվել զերծ մնալ դատարանի վրա ճնշում գործադրելուց:

Սպարտակ Մելիքյանը կրկին հայտարարություն է տարածել, որում նշել է, թե իր հասցեական քննադատություններին առ այսօր պաշտոնական արձագանք չի եղել Արման Մկրտումյանի եւ Դավիթ Ավետիսյանի կողմից, թեպետ նոյեմբերի 4-ին լրացել է նման դեպքերի համար օրենքով սահմանված 1-ամսյա ժամկետը` պատասխանատվության կանչելու առումով:

«Միաժամանակ հարկ է հատուկ շեշտել, որ ակնկալվող պատասխանների փոխարեն, իմ ելույթից երկու օր անց` ս.թ. հոկտեմբերի 6-ին, անշուշտ, պարոնայք Ա. Մկրտումյանի եւ Դ. Ավետիսյանի գիտությամբ, ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայք-էջում զետեղվել, ապա տպագիր եւ էլեկտրոնային մամուլում վերատպվել է մի երկիմաստ, գրեթե տարօրինակ գրություն, որը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, դժվար է ընկալել որպես անձամբ պարոնայք Ա. Մկրտումյանի եւ Դ. Ավետիսյանի պաշտոնական, կոմպետենտ պատասխանն` իմ հնչեցրած քննադատությանը: Այն, ըստ իս, ոչ այլ ինչ է, քան բարձրաստիճան պաշտոնյաների ոչ կոմպետենտության, հոռի ինքնավստահության, պաշտոնական եւ զուտ մարդկային վարքականոններից ի սպառ անտեղյակության եւ …սեփական մեղքերի ակամա, անուղղակի խոստովանության մի «օրինակելի» նմուշ:

Նախ, դատելով ամենից, հիշյալ կայք-էջում զետեղված գրության տեքստը անձամբ չեն հեղինակել պարոնայք Ա. Մկրտումյանն ու Դ. Ավետիսյանը. նյութին կից պարզապես չկա նրանցից որեւէ մեկի անուն-ազգանունը: Ասել կուզի` խուսափելով հանվանե ներկայանալուց, պարոնայք Ա. Մկրտումյանը եւ Դ. Ավետիսյանը այդպիսով ուղղակի մանկամտորեն փորձել են իրենց §վրայից գցել¦-հեռացնել կոնկրետ իրենց հասցեագրված քննադատությունը, եւ, խեղաթյուրելով իրականությունը, այդ քննադատության սլաքը, հնարավորինս աննկատ, թեքել դեպի ՀՀ դատական ողջ համակարգը: Զուր ջանքեր. իմ ելույթը գեթ մեկ անգամ լսած կամ ընթերցած յուրաքանչյուր ոք կհաստատի, որ քննադատությանս թիրախ է եղել ոչ թե ՀՀ դատական համակարգը` իր հիմնականում բարեխիղճ եւ արհեստավարժ դատավորներով ու այլ աշխատակիցներով հանդերձ, այլեւ` բացառապես այդ համակարգը բռնազավթած Մկրտումյան-Ավետիսյան խայտառակ տանդեմը: Ավելին, այդ առումով ես հատուկ շեշտել եմ, որ հենց նրանց քմահաճույքով են համակարգից հեռացվել եւ հեռացվում իսկապես բարեխիղճ, ազնիվ եւ արհեստավարժ բազմաթիվ դատավորներ:

Հաջորդը: Ցանկացած անկողմնակալ ընթերցող կհաստատի, որ ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայք-էջում զետեղված գրությունը, բովանդակային առումով որեւէ, նույնիսկ` հեռակա աղերս չունի ԱԺ ամբիոնից իմ հնչեցրած քննադատության հետ: Մատնանշված լրջագույն խախտումներին կամ բացթողումներին անդրադառնալու, ասվածը հերքելու փոխարեն, հոդվածագիրը, գրության իրական պատվիրատուների հրահանգով, անհասկանալի հետեւողականությամբ շարադրել է ինձ վերաբերող, ներկայումս դեռ ընթացող դատական գործի մանրամասները: Իրականում ի՞նչ նպատակ է այդ քայլով հետապնդել հեղինակը` ցույց կտա ժամանակը: Սակայն առաջին հայացքից թերեւս այն տպավորությունն է ստեղծվում, որ այդ հիրավի ցինիկ «հնարքով» նա փորձել է հենց ի սկզբանե շրջանցել, մոռացության մատնել պարոնայք Ա. Մկրտումյանի եւ Դ. Ավետիսյանի կամայականությունների եւ ապօրինությունների թեման, ապա անցնելով «հակահարձակման»` իմ նկատմամբ գործադրել հոգեբանական ճնշման տխրահռչակ, էժանագին մեթոդներից մեկը, երբ, պաշտպանության լավագույն ձեւ է դառնում նախահարձակումը: Ասվածի լավագույն ապացույցն է գրության մեջ տեղ գտած ակնհայտ անհեթեթ, բայց միաժամանակ սպառնալից այս միտքը. «Փաստորեն, Սպարտակ Մելիքյանը, հանդիսանալով դատարանում քննվող քրեական գործով դատավարության մասնակից, դատական համակարգի հանդեպ ունեցած իր կարծեցյալ մտահոգություններն արտահայտելու նպատակով, օգտագործելով ՀՀ Ազգային ժողովի ամբիոնը, փորձել է ճնշում գործադրել դատարանի վրա, որը, ըստ էության, արդարադատությանն ուղղված միջամտություն է»: Համաձայնենք` սրանից լավ ինքնաբացահայտում կամ ինքնախոստովանություն դժվար է պատկերացնել. քիչ է, որ սույն մտքի` անտակտության սահմանն անցած հեղինակը իմ ` Ազգային ժողովի պատգամավորիս, արտահայտած անկեղծ մտահոգությունները, որտեղ ակնարկ անգամ չկա ինձ վերաբերող վերոհիշյալ դատական գործի մասին, որակում է «կարծեցյալ», նա նաեւ իրեն, դարձյալ իր շեֆերի դրդմամբ, իրավունք է վերապահում անհիմն կերպով ինձ ամբաստանել դատարանի վրա իբր ճնշում գործադրելու համար: Ավելին, ուղղակի սպառնում է ՀՀ քրեական օրենսգրքի 332–րդ հոդվածով` հավանաբար հույս փայփայելով, թե իբր այսուհետ կգերադասեմ լռել կամ գոնե մեղմել իմ քննադատությունը պարոնայք Ա. Մկրտումյանի եւ Դ. Ավետիսյանի նկատմամբ…

Այսքանից հետո կարելի է միայն եզրակացնել, որ գրության հեղինակը, կամ ավելի ճիշտ` նրա թիկունքում վարպետորեն թաքնված պարոնայք Ա. Մկրտումյանը եւ Դ. Ավետիսյանը, իրենց ամոթալի վարքագծով եւ հայ պաշտոնյայի պատիվն արատավորող աշխատաոճով արդեն իսկ հաստատում են իմ հնչեցրած քննադատության իսկությունը:

Ասվածն ամփոփելուց առաջ, հարկ է նաեւ հնարավորինս հակիրճ անդրադառնալ պատգամավորական աշխատավարձս Ա. Մկրտումյանին փոխանցելու մասին` ԱԺ նախագահին ուղղված իմ խնդրանքին, որի բուն էությունը խեղաթյուրելու համար եւս, պարզվում է, ջանք ու եռանդ չեն խնայել պարոնայք Ա. Մկրտումյանը եւ Դ. Ավետիսյանը: Այսպես: Բարոյականություն բառը առաջին անգամ հավանաբար հեռուստասերիալներից լսած սույն պարոնները, վերոհիշյալ գրության մեջ, գրեթե բացահայտորեն ստանձնելով ինձ վերաբերող դատական գործով պատասխանող կողմի շահերի պաշտպանությունը, փորձել են, միայն իրենց հատուկ նենգությամբ, ինձ հորդոր կարդալ առ այն, թե իբր էլ ինչու եմ  պատասխանող կողմից պահանջել խոշոր չափի դրամական փոխհատուցում, եթե մյուս կողմից պատրաստ եմ նաեւ աշխատավարձս նվիրաբերել Ա. Մկրտումյանին: Համաձայնենք` սա արդեն չլսված բան է, ուղղակի նոնսենս` ՀՀ ողջ դատական պրակտիկայում: Միթե՞ այսքանից հետո չի ստացվում, որ մեր դատական համակարգի սույն պարագլուխները, ի վիճակի չլինելով անգամ տարբերակել իմ, պատասխանող կողմի եւ իրենց քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, այդպիսով իսկ հերքում են իրենց անկողմնակալությունը, անուղղակի միջամտում են ինձ վերաբերող դատական գործին եւ ճնշում գործադրում դատարանի վրա…

Ինչ վերաբերում է դատարանում պատասխանող կողմից իմ պահանջած փոխհատուցման գումարի ենթադրվող ճակատագրին, ապա պատասխանող կողմի` մարդասպանների, դատապաշտպանի պարտավորությունները ստանձնած պարոնայք Ա. Մկրտումյանին եւ Դ. Ավետիսյանին խորհուրդ կտայի եւս մեկ անգամ, առանց ավելորդ հույզերի, ծանոթանալ իմ հայցադիմումին, որտեղ բառացի գրված է, որ տուժողի իրավահաջորդը փոխհատուցման գումարը «…որպես իր ծնողի հիշատակի հավերժացման մի յուրօրինակ միջոց, մտադիր է ամբողջությամբ տրամադրել ՀՀ-ում գործող ծերանոցների, մանկատների, անապահով այլ խավերի պաշտպանությանը կոչված կազմակերպությունների նյութական ապահովության բարելավման, ինչպես նաեւ սահմանամերձ դպրոցների եւ մանկապարտեզների վերանորոգման համապատասխան հաշվեհամարներին եւ ծրագրերին»: Ի  դեպ, նշված խմբի շահառուների ցանկում նպատակ է եղել ընդգրկելու նաեւ պարոն Արման Մկրտումյանի հորը, որը, ինչպես հայտնի է մամուլի հրապարակումներից, իր իսկ սեփական բնակարանից վտարվել է դատավոր որդու «օգնությամբ» եւ ներկայումս գոյություն է քարշ տալիս ծայրաստիճան չքավորության մեջ»,- ասված է հայտարարության մեջ:

Սպարտակ Մելիքյանը նշել է նաեւ, որ արդեն քաղաքացիական հայցով դիմել է դատարան: