ՄԱԿ գլխավոր քարտուղարի հակամարտությունների ժամանակ սեռական բռնության գծով հատուկ ներկայացուցիչ Պրամիլա Պատենը հայտնել է, որ հիմքեր կան կարծելու, թե ՀԱՄԱՍ շարժման 2023թ. հոկտեմբերի 7-ի գրոհի ժամանակ տեղի են ունեցել սեռական բնույթի բռնություններ։ Այս մասին նշվել է Պատենի աշխատակազմի մամուլի հաղորդագրությունում։

Հատուկ ներկայացուցչի թիմը Իսրայելի իշխանությունների հրավերով հունվարի վերջին-փետրվարի սկզբին այցելել է Իսրայել՝ հավաքելու համար ապացույցներ, որոնք կարող են հաստատել սեռական բռնության մասին դեպքերը։ «Հավաքված տեղեկության հիման վրա առաքելության թիմը գտել է հստակ եւ համոզիչ տեղեկություն այն մասին, որ սեռական բռնությունը, այդ թվում բռնաբարությունը, սեքսուալացված կտտանքները, կատարվել են պատանդների հանդեպ,- նշվել է հատուկ ներկայացուցչի հաղորդագրությունում։- Թիմը կարծում է, որ կան հիմքեր կարծելու, որ հակամարտության հետ կապված սեռական բռնությունը տեղի է ունեցել մի քանի տեղերում հոկտեմբերի 7-ի գրոհների ընթացքում»։

«Հատուկ ներկայացուցիչը կոչ է անում բոլոր  իրավասու մարմիններին, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային, պատասխանատվության ենթարկել, անկախ դիրքից, բոլոր հանցագործներին»,- ավելացրել է նա։