Ֆրանսիան կարող է արդեն այս շաբաթ միանալ չեխական նախաձեռնությանը առնվազն 800 հազար հրետանային զինամթերք գնելու մասին Ուկրաինայի Զինված ուժերի համար՝ այն երկրներում, որոնք չեն մտնում Եվրամիության մեջ, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով անունը չնշած աղբյուրներին։
Նրանց տեղեկացմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է հայտարարել Չեխիայի նախաձեռնությանը միանալու մասին արդեն այս շաբաթ։ Սպասվում է, որ այս հարցը կքննարկվի Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ Մակրոնի բանակցություններում, որոնք տեղի են ունենալու երեքշաբթի Փարիզում։
Ըստ աղբյուրների՝ Գերմանիան, Դանիան եւ Նիդեռլանդները նույնպես հայտարարել են պլանին մասնակցելու մասին։ Նշվել է, որ Լատվիան եւ Լիտվան նույնպես դիտարկում են նախաձեռնությանը միանալու հնարավորությունը։
Փետրվարի 17-ին Չեխիայի նախագահ Պետր Պավելը Մյունխենի անվտանգության կոնֆերանսում հայտարարել էր, որ Պրահան գտել է Ուկրաինայի համար հարյուր հազարավոր արկեր գնելու հնարավորություն երրորդ երկրներում։ Ավելի վաղ Politico թերթը տեղեկացրել էր, որ Չեխիան, որը դժգոհ է Եվրամիության խոստումների ձախողումից Կիեւին 2023թ. մարտից մինչեւ 2024թ. մարտ միլիոն արկ մատակարարելու մասին, Բրյուսելից պահանջել է սկսել արկեր գնել ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Թուրքիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում եւ Հարավային Կորեայում։
Մարտի 4-ին Չեխիայի կառավարության Ուկրաինայի վերականգնման գծով լիազոր Տոմաշ Կոպեչնիկը հայտնել է, որ չեխական նախաձեռնությանը միացել են Բելգիան, Դանիան, Կանադան, Նիդեռլանդները եւ ԱՄՆ-ն։ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն Ֆիալայի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ Վիլնյուսը կաջակցի Պրահայի առաջարկին։ Կոպեչնիկը նշել է, որ խոսքը 800 հազար արկերի մասին է, բայց «դա վերջնական թիվը չէ»։





























