Եվրախորհրդարանի ավելի քան 550 աշխատակից վստահեցնում են, որ աշխատանքի վայրում ենթարկվել են առնվազն հոգեբանական բռնության: Այդ մասին վկայում է MeTooEP-ի կողմից անցկացված անանուն հարցումը, որի տվյալները մեջբերում է Politico-ն:
2023 թվականի հունիս-օգոստոս ամիսներին աշխատավայրում իրենց հանդեպ ունեցած ոտնձգությունների փորձի մասին հարցում է իրականացվել 1135 մարդկանց շրջանում:
Հարցվածների գրեթե կեսը (49,6 տոկոս) հայտարարել է, որ աշխատավայրում ենթարկվել է հոգեբանական բռնության, 15,5 տոկոսը հայտարարել է, որ ենթարկվել է սեռական ոտնձգությունների, իսկ 8,1%-ը ենթարկվել է ֆիզիկական հարձակումների։ Հարցումը նաև ցույց է տվել, որ հարցվածների 42,4 տոկոսն աշխատավայրում ականատես է եղել ոտնձգությունների ինչ-որ ձևի:
Շատ հարցվածներ հայտարարել են, որ այդ մասին պաշտոնապես չեն հայտնել այն պատճառով, որ «ոտնձգություն իրականացնողն ավելի ուժեղ էր», «վստահությունը չէր բավականացնում», «հետևանքների հանդեպ վախ կար» և «եղել է հայտնելու ոչ հստակ ընթացակարգ»:
Այն մարդիկ, որոնք այդ հարցը բարձրացրել են խորհրդարանում, ավելի հաճախ հայտնել են, որ ոչ մի քայլ ձեռնարկված չի եղել, որ իրենց հայտարարությունները լուրջ չեն ընդունվել կամ, որ ղեկավարությունը նրանց պատժել է: Ոչ մեկ չի ընտրել «ինչ-որ մեկը խոսել է բռնության ենթարկողի հետ, որպեսզի փոխի նրա պահվածքը» տարբերակը:
Նրանցից շատերը հայտնել են, որ արդյունքում իրենց տեղափոխել են այլ աշխատանքի, իսկ մյուսներին խրախուսել են առհասարակ լքել խորհրդարանը:





























