Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը համաձայնագիր է ստորագրել Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) հետ գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին։ Այս մասին հայտնում է Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։

Տեղեկությունների համաձայն՝ «Վրաստանի և Եվրոպական ոստիկանական գործակալության միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման և պաշտպանության մասին» համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին և Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դե Բոլեն։

Փաստաթուղթը հիմնված է Վրաստանի և Եվրոպոլի միջև օպերատիվ և ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վրա, որը կազմվել է 2017թ.: Նոր համաձայնագիրը հնարավորություն կտա էլ ավելի ամրապնդել հանցավորության դեմ պայքարը, հավելել են Պետական անվտանգության ծառայությունից։

Վրաստանի և Եվրոպոլի միջև համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հանրապետության խորհրդարանի վավերացումից հետո։