Մենք պարտավոր ենք դեմ հանդես գալ ագրեսիային եւ աջակցել Հայաստանին։ Այս մասին հայտնել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը մարտի 7-ին Երեւանում, հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նախարարը հիշեցրել է, որ Կիպրոսը աջակցություն է ցուցաբերել ՀՀ-ին Լեռնային Ղարաբաղից հայերի արտաքսումից հետո եւ հումանիտար օգնություն է ուղարկել փախստականներին։ Կիպրոսի կառավարության անունից Կոմբոսը հայտնել է 10 ջերմոցների կառուցման ծրագրի մասին եւ հաստատել, որ Կիպրոսում պատրաստ են ընդունել Լեռնային Ղարաբաղի երեխաներին։
«Ագրեսիան, ռեւիզիոնիզմը, տեղահանումը, այս ամենն անընդունել է միջազգային հանրության համար։ Հարկադրանքը եւ ուժի կիրառումը չեն կարող երկխոսության այլընտրանք լինել։ Ինքնիշանությունը եւ տարածքային ամբողջականությունը պետք է հարգել միջազգային իրավունքին եւ ՄԱԿ կանոնադրությանը համապատասխան։ Մենք պարտավոր ենք հանդես գալ ագրեսիայի դեմ եւ աջակցել Հայաստանին ինչպես քաղաքականապես, այնպես էլ նյութապես»,- ասել է ԱԳՆ ղեկավարը՝ ողղջունելով Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման բոլոր ջանքերը։ Մենք լիովին աջակցում ենք հայ գործընկերներին, ընդգծել է նախարարը՝ ավելացնելով, որ Կիպրոսը եղել եւ մնում է Հայաստանի հուսալի գործընկերը։
Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պայմաններում միջազգային հանրության գործողությունների մասին հարցին նախարարը պատասխանել է, որ բոլորը պետք է հարգեն միջազգային իրավունքը, դա այլընտրանք չունի, հարգել ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Նախարարը նաեւ հիշեցրել է, որ Կիպրոսը արդեն 50 տարի ագրեսիայի եւ անօրինական ներխուժման զոհ է։




























