Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան բալետի պարուհի Իլզե Լիեպային զրկել է երկրի քաղաքացիությունից՝ Ռուսաստանին սատարող խոսքերի պատճառով։ Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի կցորդ Ռիդաս Յասուլենիսը։

Նրա խոսքերով՝ Նաուսեդան համաձայնել է քաղաքացիության հանձնաժողովի առաջարկությանը և արտիստին զրկել է Լիտվայի քաղաքացիությունից «այն պետությանը աջակցելու համար, որը վտանգ է ներկայացնում Լիտվայի և նրա դաշնակիցների անվտանգության համար»։ 

 Անցյալ տարվա նոյեմբերին Լիեպան հայտարարեց, որ չի կարող փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ՝ չնայած Լիտվայի իշխանությունների՝ իրեն քաղաքացիությունից զրկելու սպառնալիքներին։ 2022 թվականի նոյեմբերին Լիեպան Empathy Manuchi յութուբյան ալիքին տված հարցազրույցում երախտագիտություն էր հայտնել Ռուսաստանի Զինված ուժերին այն բանի համար, որ «դեռ թույլ են տալիս մեզ ապրել, ստեղծագործական ծրագրեր կազմել և հանդիպել ընկերների հետ»։ Նա նաեւ ասել էր, որ վստահում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Այն մասին, որ բալետի պարուհուն ցանկանում են զրկել լիտվական անձնագրից, հաղորդվել էր դեռ 2023 թվականին: Լիտվայի ՆԳՆ-ի կարծիքով՝ նրա հայտարարությունները կարելի է գնահատել որպես «պետության վարկաբեկում»։