Պոռնոկայքերը Pornhub-ը և Xvideos-ը հայց են ներկայացրել Եվրոպական Միության Արդարադատության դատարան՝ վիճարկելով Թվային ծառայությունների մասին օրենքի (DSA) առցանց բովանդակության մոդերատորության վերաբերյալ ԵՄ նոր կանոնները բարձր հասանելիության հարթակներում: Այս մասին գրում է Politico-ն։
Pornhub-ը վիճարկում է իր «շատ մեծ առցանց հարթակ» անվանումը, որը պարունակում է բովանդակության կարգավորման լրացուցիչ սահմանափակումներ, և Xvideos-ի հետ մեկտեղ ցանկանում է կասեցնել կանոնը, որը պահանջում է հարթակներում տեղադրված գովազդի մանրամասն հանրային գրադարանի ստեղծում:
Մեկ այլ պոռնոկայք՝ Stripchat-ը, նույնպես հայց է ներկայացրել ԵՄ-ի դեմ, սակայն հայտնի չէ, թե ԵՄ որ օրենքն է վիճարկում ընկերությունը:
2023 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը թվային ծառայությունների մասին օրենքի համաձայն երեք պոռնո կայքերը համարել է որպես «շատ մեծ առցանց հարթակներ», քանի որ դրանք ամեն ամիս այցելում էին ԵՄ ավելի քան 45 միլիոն բնակիչ:
Նման հարթակները ենթակա են լրացուցիչ պարտավորությունների՝ պայքարելու անօրինական և վնասակար բովանդակության դեմ, ներառյալ անչափահասների մուտքն իրենց կայք արգելափակելու մեխանիզմների հնարավոր ներդրումը:
Պոռնոկայքերը նաև մինչև ապրիլի 20-ը պետք է մանրամասն պլաններ ներկայացնեն այն մասին, թե ինչպես են դրանք սահմանափակում հիմնական ռիսկերը, ինչպիսիք են կանանց նկատմամբ բռնությունը և անչափահասների պաշտպանությունը: Նոր օրենքը խախտելը կարող է հանգեցնել ընկերության համաշխարհային շրջանառության մինչև 6%-ի տուգանքների:





























