Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Կոտա քաղաքում կրոնական երթի ժամանակ 14 երեխա հոսանքահարվել է։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Հիրալալ Նագարը։

Երթին մասնակցել են մինչև 14 տարեկան մի խումբ երեխաներ։ Նրանցից մեկը երկար փայտիկ է վերցրել, որը դիպել է բարձր լարման լարին։ «Սա շատ ցավալի դեպք է։ Երկու երեխա ծանր վնասվածքներ է ստացել, մեկը՝ 100 տոկոս այրվածքներ։ Հատուկ թիմ է ստեղծվել՝ նրանց բոլոր հնարավոր օգնություն ցույց տալու համար»,- ասել է Նագարը, որը մեջբերում է PTI-ն:

Վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։